«Ժողովուրդ». Արմեն Գրիգորյանի շուրջ ՔՊ-ում սկանդալ է հասունանում․ խաղաղության գործընթացը տապալե՞լ է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի շուրջ իշխանական շրջանակներում լուրջ դժգոհություններ են կուտակվել։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ ՔՊ-ում քննարկման հիմնական թեմաներից մեկը հենց Գրիգորյանն է եղել, և նրա հասցեին հնչել են բավականին կոշտ գնահատականներ։

Բանն այն է, որ Գրիգորյանի վերջին հարցազրույցը «ՍիվիլՆեթ»-ին, որտեղ նա լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն նայել էր ժամացույցին ու հեգնել՝ «Եթե չեն հանե՞լ», ՔՊ-ում ընկալվել է որպես կուսակցության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Սակայն, մեր տեղեկություններով, դժգոհությունների հիմքում միայն այդ դրվագը չէ։

Իշխանական շրջանակներում շրջանառվում են նաև թեզեր, որ Արմեն Գրիգորյանը ձախողել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում իրեն վերապահված դերակատարությունը։ Մասնավորապես, քննարկվում են «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման, հանդիպումների ընթացքում քննարկված տեղեկությունների հրապարակայնացման և ադրբեջանական կողմի վստահության կորստի մասին մեղադրանքները։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը դեռ օգոստոսին ազատեց Արմեն Գրիգորյանին ԱԽ քարտուղարի պաշտոնից՝ առանց հրապարակային մանրամասն բացատրության։ Իսկ այժմ հարց է առաջանում՝ արդյոք Գրիգորյանի վերջին հարցազրույցը, կուսակցության հետ լարվածությունը և խաղաղության գործընթացի շուրջ կուտակված դժգոհությունները չե՞ն վկայում, որ Փաշինյանի և նրա նախկին առանցքային պաշտոնյայի հարաբերություններում լուրջ խզում է տեղի ունեցել։

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Բանն այն է, որ ՔՊ-ն ունի Էթիկայի կանոնագիրք, որով սահմանված են կուսակցության անդամների վարքագծին ներկայացվող պահանջները, ինչպես նաև կարգապահական հարցերի քննարկման մեխանիզմները։ Կանոնների հնարավոր խախտման դեպքում հարցը կարող է ներկայացվել կուսակցության Վերահսկող հանձնաժողովի քննարկմանը, որից հետո այն կարող է հասնել նաև ՔՊ վարչություն։

Մեր տեղեկություններով՝ այս պահին կուսակցության ներսում Արմեն Գրիգորյանի հարցը բավականին թեժ քննարկման թեմա է դարձել։

Չի բացառվում, որ առաջիկայում նրա վարքագծի վերաբերյալ հարցը քննարկվի համապատասխան կուսակցական մարմիններում, և նա առնվազն նկատողություն ստանա։ Չի բացառվում նաև, որ քննարկման առարկա դառնա նրա՝ կուսակցությունում հետագա անդամակցության հարցը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Leave a comment