ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում այցելել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտ (ՄՀՄԻ), որտեղ տեղի է ունեցել հանդիպում ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գրիգորի Տրուբնիկովի և հայազգի անվանի գիտնական, ակադեմիկոս, Մենդելեևի պարբերական աղյուսակի գերծանր տարրերի հետազոտող և սինթեզող Յուրի Հովհաննիսյանի հետ։
Նախարարին ներկայացվել են ինստիտուտի գիտական գործունեության հիմնական ուղղությունները, լաբորատոր ենթակառուցվածքները, իրականացվող հետազոտությունները և վերջին տարիների գիտական ձեռքբերումները։
Քննարկվել են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ համատեղ գիտական հետազոտությունների, փորձի փոխանակման, մասնագիտական վերապատրաստումների և երիտասարդ գիտնականների ներուժի զարգացման ուղղություններով։
Հանդիպման ընթացքում Գրիգորի Տրուբնիկովը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նաև Հայաստանի դպրոցականների և ուսուցիչների համար Դուբնայում յոթօրյա ուսուցողական այցերի կազմակերպմանը՝ հնարավորություն ընձեռելով նրանց ծանոթանալու ժամանակակից գիտության նվաճումներին, ինստիտուտի գիտական ենթակառուցվածքներին և հետազոտական աշխատանքներին։
Նշենք, որ ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը ղեկավարել է հետազոտություններ, որոնց արդյունքում Մենդելեևի պարբերական աղյուսակը համալրվել է նոր գերծանր տարրերով, մասնավորապես՝ 118-րդ տարրը՝ Օգանեսոնը, կոչվել է ի պատիվ նրա։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: