«Ես եղել եմ քաղբանտարկյալ, հիմա համարվում եմ քաղաքական հետապնդվող անձ։ Մեր գործով երկու քաղբանտարկյալ դեռ կա․ մեկը Բագրատ սրբազանն է, մյուսն Արթուր Սարգսյանը, որի օրինական գտնվելու տեղն այստեղ է, բայց նրան հնարավորություն չեն տվել գալ ԱԺ, այլ դատավորն ինքնուրույն է որոշել զրկել անձեռնմխելիությունից և պահել կալանքում»,- դիտարկմանը՝ Դուք նույնպես եղել եք քաղբանտարկյալ, արդյոք ՀՀ-ում կա՞ն քաղբանտարկյալներ, քանի որ իշխանությունը հակառակն է պնդում, այսպես պատասխանեց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանը։
Ըստ նրա՝ աննախադեպ է այն, ինչ կա․ «Ուժեղ Հայաստանից ձերբակալվել է առաջնորդը, որն իմ ընկալմամբ՝ մի մարդ է, որին կարող էին օրինակ դարձնել երիտասարդ սերնդի համար։ Գագիկ Ծառուկյանից ամեն ինչ խլում են․ 60 հազար ձայնը խլեցին, խլում են բիզնեսները, չգիտեմ՝ ԱԱԾ-ում ինչ պայմաններում են պահում»։
Լրագրողների դիտարկմանը՝ իշխանությունից ասում են, որ նրանք թալանել են, պետք է պատասխանատվություն կրեն, Լիդիա Մանթաշյանն արձագանքեց․ «Թալանել է Սամվել Կարապետյա՞նը, ում ունեցվածքը դրսում է եղել․ ՀԷՑ-ն իր սեփականությունն է եղել, ո՞նց է թալանել։ Կամ երկրորդ նախագահի գործը, որ հարուցվել է, ուղղակի ծիծաղն է մարդու գալիս։ Երկրորդ նախագահն ինձ համար եղել է խորհրդանիշ․ Արցախի առաջին նախագահն է եղել և հաղթանակած Արցախի միակ նախագահն է, որը ՀՀ-ում է, գերության մեջ չէ։ Այդ մարդուն պետք է որպես սիմվոլ փայփայել, ոչ թե տանել բանտ։ Թող իրենք մտածեն իրենց կատարած թալանի մասին։ Բոլորս էլ տեսնում ենք, թե ինչ ունեցվածք են կուտակել տարբեր տեղերում իրենց մարզային ֆեոդալները»։
Լիդիա Մանթաշյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: