ՔՊ խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը, խմբակցության պատգամավորներ Սոնա Ղազարյանը, Սարգիս Խանդանյանը և Արման Եղոյանը նոյեմբերի 16-ին հանդիպել են մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետ։

Ողջունելով դեսպանին՝ Արուսյակ Մանավազյանը շնորհավորել է Ֆլորիան Էսկյուդիեին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ վերջինիս առաքելության իրականացման ընթացքում էլ ավելի կզարգանան ու կընդլայնվեն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները։

«Մեր ժողովուրդներն ունեն պատմական և մշակութային ընդհանրություններ, բարեկամական ու սերտ հարաբերություններ»,- նշել է խմբակցության ղեկավարը։

Խոսելով միջխորհրդարանական կապերից՝ Արուսյակ Մանավազյանն ընդգծել է բարեկամական խմբերի համագործակցության խորացման ու փոխայցերի կարևորությունը։

Խմբակցության ղեկավարն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն գործակցությանը, բարձրաձայնել ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը՝ այդ հարցում ակնկալելով Ֆրանսիայի դերակակատարությունն ու շարունակական աջակցությունը։

ԱԺ պատգամավորներն էլ խոսել են Հայաստանի եվրոպական ձգտումներից, ընդգծել Հայաստանի և Ֆրանսիայի միջև տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև միջտարածաշրջանային համագործակցության ներուժի առկայությունը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստան-Ադրբեջան խաղաղության հաստատման գործընթացին։ Ներկայացվել է Հայաստանի խորհրդարանի կողմից «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի վավերացումը։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment