38 երկրների միջուկային անվտանգության մարմինների ներկայացուցիչները նախազգուշացրել են, որ այս ձմռանն Ուկրաինայում միջուկային վթարի ռիսկն աճում է։ Նրանք կոչ են արել Ռուսաստանին դադարեցնել հարձակումներն էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Այս մասին գրում է «ՌԲԿ-Ուկրաինան»՝ հղում անելով Reuters-ին։
Համատեղ հայտարարության մեջ կարգավորող մարմինները լուրջ մտահոգություն են հայտնել ռուսական ագրեսիայի և Ուկրաինայի էներգահամակարգի վրա շարունակական հարվածների հետևանքների կապակցությամբ։ Խոսքը ոչ միայն էլեկտրակայանների, այլև էլեկտրահաղորդման գծերի և ենթակայանների մասին է, որոնք ապահովում են էներգետիկ ենթակառուցվածքների աշխատանքը։
«Մենք խորը մտահոգությունն ենք հայտնում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի և երկրի էներգետիկ ենթակառուցվածքների վրա նրա շարունակական հարձակումների հետևանքով միջուկային անվտանգության համար աճող ռիսկերի կապակցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության հեղինակներն ընդգծել են Ուկրաինայի միջուկային օբյեկտների և դրանց անվտանգ շահագործման համար անհրաժեշտ էներգետիկ հզորությունների վրա հարձակումները դադարեցնելու անհրաժեշտությունը։
Հիմնական սպառնալիքն այն է, որ էլեկտրամատակարարման խափանումների պատճառով ատոմակայանները կարող են դժվարություններ ունենալ միջուկային վառելիքի պատշաճ հովացումն ապահովելու հարցում։ Եթե հովացման համակարգը պատշաճ կերպով չգործի, դա կարող է հանգեցնել ռեակտորի ակտիվ գոտու հալման և ռադիոակտիվ նյութերի արտահոսքի։ Այդ դեպքում հետևանքները կարող են նմանվել 1986 թվականի Չեռնոբիլի աղետին՝ աշխարհում տեղի ունեցած քաղաքացիական միջուկային ամենախոշոր վթարին։ Այդ ժամանակ յոդ-131, ցեզիում-134 և ցեզիում-137 ռադիոակտիվ իզոտոպները տարածվել էին Ուկրաինայի, Բելառուսի, Ռուսաստանի, ինչպես նաև Հյուսիսային և Կենտրոնական Եվրոպայի տարածքներում։
Համատեղ հայտարարության նախաձեռնողներն են եղել երեք կազմակերպություններ՝ HERCA-ն՝ Եվրոպայի ճառագայթային պաշտպանության իրավասու մարմինների ղեկավարների ասոցիացիան, WENRA-ն՝ Արևմտյան Եվրոպայի միջուկային կարգավորող մարմինների ասոցիացիան, և NORA-ն՝ Հյուսիսային Եվրոպայի երկրների ճառագայթային անվտանգության մարմինների ղեկավարների ասոցիացիան։
Ընդհանուր առմամբ, այս կազմակերպությունները ներկայացնում են 38 երկիր, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամ պետությունները, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ճապոնիան։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի