ԵՄ նոր պատժամիջոցների ցանկում են ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարանները, «ЮMoney»-ն, ավելի քան 40 բանկեր, Մատվիենկոյի որդին

Քաղաքականություն

16.11.2026 | 20:13

Եվրամիությունն ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ դրանում ներառելով, մասնավորապես, նավթավերամշակման և նավթաքիմիական գործարաններ ու ձեռնարկություններ, ինչպես նաև տասնյակ բանկեր։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։

Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել՝

  • Մոսկվայի նավթավերամշակման գործարանը,

  • Խաբարովսկի նավթավերամշակման գործարանը,

  • Իլսկի նավթավերամշակման գործարանը,

  • Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանը,

  • Սարատովի նավթավերամշակման գործարանը,

  • Օմսկի նավթավերամշակման գործարանը,

  • «Կիրիշինեֆտեօրգսինթեզ» («Կինեֆ»),

  • «Օրսկնեֆտեօրգսինթեզ» (Օրսկի նավթավերամշակման գործարան),

  • «Գազպրոմ նավթաքիմ Սալավատը»,

  • Պետերբուրգի նավթային տերմինալը,

  • ТАИФ-НК ընկերությունը, որին պատկանում է Նիժնեկամսկի մերձակայքում գտնվող նավթավերամշակման գործարանը։

Պատժամիջոցներ են սահմանվել նաև «ЮMoney» վճարային ծառայության և ավելի քան 40 ռուսական բանկերի ու վարկային կազմակերպությունների նկատմամբ։ Դրանց թվում են «Բանկ 131»-ը, «Ագրոպրոմկրեդիտը», «Սնեժինսկի» և «Սլավիա» բանկերը, «Սոլիդ Բանկը» և «Միջազգային ֆինանսական ակումբ» բանկը։

«Սև ցուցակում» ընդգրկվել են նաև  ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի որդին՝ Սերգեյը, Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմը, ինչպես նաև Leta Capital վենչուրային հիմնադրամի հիմնադիր Ալեքսանդր Չաչավան (Ozon-ի նախկին խոշորագույն բաժնետերը)։

Եվրամիության վարկածով՝ Կիմը և Չաչավան «նյութական կամ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին և օգուտներ ստանում դրանից, այդ թվում՝ մասնակցելով ռազմական տեխնոլոգիաների և սարքավորումների մատակարարմանը»։ Իրենք՝ մարկետփլեյսները  պատժամիջոցների տակ չեն հայտնվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment