Գերմանական BMW AG ընկերությունը հրդեհի առաջացման վտանգի պատճառով ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 720.8 հազար ավտոմեքենա։ Հրդեհը կարող է բռնկվել նույնիսկ այն ժամանակ, երբ մեքենան կայանված է, իսկ շարժիչն անջատված։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ի Ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA)։
Գերատեսչությունը մեքենաների սեփականատերերին խստորեն խորհուրդ է տվել մինչև վերանորոգման աշխատանքների ավարտը մեքենան կայանել բաց տարածքում՝ շենքերից և այլ տրանսպորտային միջոցներից հեռու։
Այս ավտոմեքենաներն արդեն 2024 թվականին հետ էին կանչվել նույն անսարքության պատճառով, սակայն այժմ կրկնակի վերանորոգման կարիք ունեն։ Սառեցման համակարգի պոմպի էլեկտրական միակցիչի անբավարար մեկուսացումը կարող է հանգեցնել դրա մեջ ջրի ներթափանցմանը, ինչի հետևանքով կարող է կարճ միացում առաջանալ։
BMW-ն տեղեկություններ ունի հրդեհի 10 դեպքի մասին, որոնք կարող են կապված լինել նշված խնդրի հետ և տեղի են ունեցել այն բանից հետո, երբ ավտոմեքենաներն անցել են 2024 թվականի հետկանչի շրջանակում նախատեսված վերանորոգումը։
Հետկանչը վերաբերում է 2012-2016 թվականների BMW 3-րդ և 5-րդ սերիաների, 2012-2015 թվականների X1, 2012-2016 թվականների Z4, 2013-2017 թվականների X3, 2014-2016 թվականների 2-րդ սերիայի կուպե, Sports Wagon, 328xi Gran Turismo և 4-րդ սերիայի, 2015-2018 թվականների X4, ինչպես նաև 2016-2018 թվականների X5 xDrive40e մոդելներին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։