«Նուբարաշեն» ՔԿՀ-ում կան թախտաբիթիներ, քանի որ ԱՆ-ն Սրբուհի Գալյանն է. Փաստաբան

Ազգային Ժողովում լսումների ժամանակ քաղաքական, հասարակական գործիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաներ անդրադարձան հայաստանյան ՔԿՀ-ներում տիրող իրավիճակին, իշխանության կողմից կալանքը մահակ դարձնելու պրակտիկային, հետևանքներին ու պատճառներին։

«Ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մենք ունենք նեոբոլշևիկյան մի նոր պարագլուխ։ Հայաստանը ժողովրդավարության հորջորջված բաստիոնից վերածվում դրա գերազմանի։ Գերեզմանափորը դարձել է հենց Փաշինյանը»,-հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Զուրաբյանը՝ ներկայացնելով, թե ինչու են տարիներ առաջ խզվել Փաշինյանի ու ՀԱԿ-ի հարաբերությունները։

Պատճառը, ըստ նրա, «Հայկական ժամանակ»-ում Նիկոլ Փաշինյանի հրապարակած հոդվածն էր Վարդան Օսկանյանի մեղադրանքի մասին, որը փոթորիկ է առաջացրել ՀԱԿ-ում, համացանցում։

«Ես ու Նիկոլ Փաշինյանը 3 ժամանոց զրույց ենք ունեցել, ասեցի՝ դու չե՞ս հասկանում, որ քո պահվածքը սովետական նախկին դատախազ Վիշինսկու պահվածքն է, ասեց՝ էդ ո՞վ է»,-մանրամասներ ներկայացրեց Զուրաբյանը՝ նշելով, որ Փաշինյանը պատրաստակամություն էր հայտնել շինծու մեղադրանքի հիման վրա մարդուն դատապարտել։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակ Աղավնի Սուքիասյանը պնդեց՝ Փաշինյանի համար այսօր կենաց մահու հարց է իր աթոռը պահելը։

«Վարչապետի աթոռը դարձել է քաղաքական կենսունակության միակ հիմքը, դրա համար նա գնում է ընդդիմադիրներին ճնշելու, 60  հազար ձայնի գողության։ Նրա իշխանության օրոք, կարծես թե, սովորական են դառնում ընդդիմադիրների մահերը բանտերում»,-ասաց նա։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանն առանձնահատուկ ուշադրություն հրավիրեց ՔԿՀ-ներում առկա պայմաններին։

«Այդ վատ պայմանների համար կան կոնկրետ պատասխանատուներ։ Դրանք քրեակատարողական հիմնարկների պետերն են, այնուհետև ծառայության պետը,  արդարադատության նախարարը։ Եթե փորձենք պրիմիտիվացնել, ապա «Նուբարաշեն» քրեակատարողականում կան թախտաբիթիներ, որովհետև արդարադատության նախարարը Սրբուհի Գալյանն է։ Այս հարցերը հնարավոր է լուծել շատ արագ, շատ կարճ ժամկետում»,-ասաց նա։

Հասարակական-քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էլ ելույթը սկսեց  լավ լուրով. «Անձեռնմխելիությունից զրկվել է մի դատավոր, ով իշխանության հետույքը մշտապես շփոթում էր սուրբ կովի հետ՝ Մասիս Մելքոնյանը։ Հիշեցնեմ, թե այդ դատավորի որոշմամբ ովքեր են զրկվել ազատությունից.  Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, Արշակ Սրբազան, Տիրան Խաչատրյան, Լևոն Քոչարյան, Նարեկ Մալյան, Նարեկ Սամսոնյան, Վազգեն Սաղաթելյան, Գարիկ Գալեյան, Վահագն Մախսուդյան, Գերասիմ Վարդանյան։ Ցուցակը շարունակելի է»: 

Զոհրաբյանը հիշեցրեց օրեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքը, երբ «Նուրաբաշեն» ՔԿՀ-ում մահացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանը։ Ի՞նչ կլիներ, եթե ընդդիմադիր գործիչը մահանար բանտում նախկին իշխանությունների օրոք. «Հենց այս դահլիճում Սվիտալսկին խեղդում էր ինձ, ասում էր՝ դուք կին եք, գնացե՞լ եք Նուբարաշեն, պայմանները տեսե՞լ եք»։

Մանրամասները՝ տեսանյութերում։

Leave a comment