Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամով տուգանել է Երևանի ավագանու նախկին անդամ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ամուսնուն՝ Սուրեն Դրամփյանին, 2023 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար։
Ըստ որոշման՝ Դրամփյանը հայտարարագրել է 2023 թվականի հուլիսի 3-ին ձեռք բերած, 2019 թվականի արտադրության BMW X2 մակնիշի ավտոմեքենան, սակայն դրա ձեռքբերման արժեքը նշել է 0 դրամ։
Մինչդեռ Ներքին գործերի նախարարության տրամադրած տվյալներով՝ ավտոմեքենան ձեռք է բերվել 9 միլիոն 752 հազար 328 դրամով, իսկ մաքսային վճարն ու պետական տուրքը միասին կազմել են ևս 1 միլիոն 85 հազար 674 դրամ։ Գործարքի մյուս կողմը եղել է Գերմանիայի քաղաքացի։
Ավելին՝ ավտոմեքենայի վաճառողի տվյալների համար նախատեսված դաշտում Դրամփյանը նշել է «ԴՖԴՍԴՍՖԳՖԴԳ ԵՐԵՎԱՆ»՝ իրական վաճառողի տվյալների փոխարեն։
ԿԿՀ-ն որոշմամբ արձանագրել է, որ սխալ տվյալները խոչընդոտել են գույքի ձեռքբերման օրինականության գնահատմանը։
«․․․Նման պայմաններում հնարավոր չի եղել պատշաճ կերպով պարզել գույքի ձեռքբերման հիմնավորվածությունը համապատասխան եկամուտներով և հայտարարագրված մյուս տվյալներով, ինչն ուղղակիորեն խոչընդոտում է հնարավոր կոռուպցիոն դրսևորումների բացահայտմանը և խաթարում հանրային վերահսկողության արդյունավետությունը»,- նշվում է որոշման մեջ։
Հանձնաժողովը նաև պարզել է, որ Սուրեն Դրամփյանը չի հայտարարագրել «Սուրեն և Արմեն» ՍՊԸ-ում իր 100 տոկոս բաժնեմասնակցությունը։ Պետական ռեգիստրի տվյալներով՝ նա ընկերության միակ մասնակիցն է 1999 թվականից, իսկ 2006 թվականից նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը։
ԿԿՀ-ն ընդգծել է, որ այդ բաժնեմասնակցության վերաբերյալ տվյալներ չի ներկայացրել նաև Զարուհի Փոստանջյանը։
«․․․Սույն գործով արձանագրված իրավիճակն էապես տարբերվում է նրանով, որ պաշտոնատար անձի՝ Զարուհի Փոստանջյանի կողմից որևէ տվյալ հայտարարագրված չի եղել իր ընտանիքի անդամի՝ ընկերության բաժնեմասնակցության վերաբերյալ»,- նշված է որոշման մեջ։
Հանձնաժողովը 2026 թվականի մայիսի 14-ին Փոստանջյանի և նրա ընտանիքի անդամների գույքային դրության վերաբերյալ կասկածներին առնչվող նյութերն ուղարկել է Գլխավոր դատախազություն։
Վարչական վարույթի ընթացքում Սուրեն Դրամփյանը պարզաբանումներ չի ներկայացրել և, պատշաճ ծանուցված լինելով, չի մասնակցել գործի քննությանը։
Եվգենյա Համբարձումյան