Քաղաքականություն
16.11.2026 | 15:40
Ազգային ժողովի պաշտտպանության հանձնաժողովի նիստում Ղազախստանի հետ գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագրի քննարկման ժամանակ Էդգար Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցին։ Նա հայտարարեց, որ ռազմական բնույթի հույժ գաղտնի տեղեկությունները թշնամական երկրին փոխանցելը չի կարող իրավական հետևանքներ չունենալ՝ ԱԱԾ-ին կոչ անելով իրավական գնահատական տալ վարչապետի գործողություններին և ձերբակալել նրան։
Ղազարյանը տարօրինակ համարեց, որ ՀԱՊԿ անդամ Ղազախստանի հետ Հայաստանը մինչ օրս գաղտնի տեղեկատվության փոխանակման համաձայնագիր չի ունեցել։
«Առհասարակ պետությունների միջազգային համագործակցությունը դա խրախուսելի է, առավել ևս պաշտպանության, անվտանգության ոլորտներում, որտեղ համագործակցությունը կարող է լինել միայն դաշնակցային պետությունների միջև… Ինձ համար զարմանալի էր, որ ՀԱՊԿ անդամ պետության հետ, որը ռազմաքաղաքական կազմակերպություն է, ընդհանուր անդամակցության շրջանակներում մինչ օրս Հայաստանը չի ունեցել նման համաձայնագիր»,- ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ նման համաձայնագրերի առկայությունը պետություններին ազատում է միմյանց տարածքում հետախուզական գործունեություն ծավալելու անհրաժեշտությունից։
Անդրադառնալով պետական գաղտնիքի պահպանմանն ու Ադրբեջանին ականապատ դաշտերի քարտեզների փոխանցման հարցին՝ Ղազարյանն ընդգծեց Ազգային անվտանգության ծառայության դերակատարումը։
«Ականապատ դաշտերի քարտեզները և առհասարակ Զինված ուժերի տնօրինության տակ գտնվող տեղեկությունները դրանք հենց այդ դասակարգման մեջ են: Եվ առանց որևէ պայմանագրի… թշնամական երկրին այդ տեղեկությունները փոխանցելը դա չի կարող չունենալ իրավական հետևանքներ: …Դա պետք է անպայման իրավական գնահատականի արժանանա, և այդ իրականացնող լիազոր մարմինը և միակ պատասխանատու մարմինը Ազգային անվտանգության ծառայությունն է: Հուսով եմ՝ այսօր երեկոյան դուք կկայացնեք վարչապետին ձերբակալելու որոշում»,- հայտարարեց Ղազարյանը՝ դիմելով ԱԱԾ ներկայացուցչին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան