Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող

Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ երկխոսությունը վերականգնվել է՝ Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցչի նշանակմամբ, փոխանցում է Sova news-ը։

Ռուսական կողմը կապ է հաստատել Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի նոր հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։

«Մենք կապ ենք հաստատել Գեորգի Զուրաբաշվիլիի հետ։ Նրա ռուսաստանցի գործընկերն արդեն որոշված է․ նա ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ, Հարավային Կովկասի ուղղությունը համակարգող Միխայիլ Գալուզինն է։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների հաստատման օգտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունում հստակեցրել են, որ բանակցողների ուշադրության կենտրոնում կլինեն գործնական հարցեր, մասնավորապես, երկու երկրների միջև առևտրի, զբոսաշրջության, տրանսպորտային հաղորդակցության և մշակութային փոխանակումների ընդլայնումը։ Ներկայում միջոցներ են ձեռնարկվում գյուղատնտեսական արտադրանքի փոխադարձ մատակարարումները դյուրացնելու ուղղությամբ։ Այդ հարցով զբաղվում են Ռուսաստանի և Վրաստանի գյուղատնտեսության ոլորտի գերատեսչությունները։

Ռուսաստանի հետ կապերի հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչը նշանակվել է 2026 թվականի հոկտեմբերին։ 2024 թվականի գարնանից այդ պաշտոնը թափուր էր։ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հատուկ ներկայացուցչի նշանակումը վկայում է Մոսկվայի հետ ուղիղ երկխոսությունը վերսկսելու Թբիլիսիի մտադրության մասին, և Ռուսաստանն աջակցում է այդ քայլին։

Իր հերթին, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Վրաստանի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչների միջև շփումները կշարունակվեն ակտիվորեն, և կողմերը կքննարկեն բոլոր հարցերը։

«Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար բնական խոչընդոտ կա․ դա մեր երկրի տարածքների օկուպացիան է և երկու օկուպացված շրջանները, այսպես կոչված, անկախ պետություններ ճանաչելը։ Հետևաբար, այս հարցի վերաբերյալ մեր որոշումը չի վերանայվել և չի կարող վերանայվել։ Ինչ վերաբերում է մեր հատուկ ներկայացուցչի և Ռուսաստանի հատուկ ներկայացուցչի՝ արտաքին գործերի նախարարի տեղակալի միջև հարաբերություններին, ապա այդ շփումները կշարունակվեն ակտիվորեն, և կողմերը կքննարկեն բոլոր թեմաները։ Կքննարկվեն տվյալ ձևաչափով նախատեսված բոլոր հարցերը»,- հայտարարել է Կոբախիձեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment