Հ1-ի եթերում տեղի ունեցած միջադեպի գործով վարույթ առկա չէ

Հասարակություն

16.11.2026 | 15:55

Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առթիվ քրեական վարույթ առկա չէ։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտնում են Գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ» հաղորդման նկարահանման ընթացքում ծեծկռտուք էր տեղի ունեցել լրագրող, Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիի և քաղաքագետ Հարություն Մկրտչյանի միջև։ «Համախմբված ընդդիմության օրակարգը» թեմայով քննարկման ընթացքում կողմերը փոխադարձ վիրավորանքներ ու սպառնալիքներ էին հնչեցրել, որից հետո վեճը վերածվել էր ֆիզիկական բախման։ Հաղորդավարները փորձել էին միջամտել, իսկ նոյեմբերի 15-ին հաղորդումը հեռարձակվել էր՝ ներառելով միջադեպի կադրերը։

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հանրային հեռուստաընկերությունում կազմակերպված բանավեճը ավարտվում է ծեծկռտուքով։ 2024 թվականի փետրվարին հեռուստաընկերությունում կազմակերպված բանավեճից հետո, դուրս գալով տաղավարից, միմյանց հետ վիճաբանել ու փոխադարձ հարվածներ էին հասցրել քաղաքագետներ Արեգ Քոչինյանն ու Սուրեն Սահակյանը։

Արաքս Մամուլյան

Leave a comment