Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» և հարակից օրենքներում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է խստացնել մի շարք ճանապարհային խախտումների համար սահմանված տուգանքներն ու տուգանային միավորները։ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ասաց, որ իրականացված մշտադիտարկումները ցույց են տվել՝ որոշ խախտումներ էականորեն նպաստում են երթևեկության խցանումների առաջացմանը և վտանգում քաղաքացիների անվտանգությունը։

Արմեն Մկրտչյանն անդրադարձավ առաջարկվող փոփոխություններին՝ նշելով, որ նախատեսվում է խստացնել հատկապես այն խախտումների համար սահմանված պատասխանատվությունը, որոնք խոչընդոտում են երթևեկության բնականոն կազմակերպմանը։

Նա ասաց, որ բեռնատարների արգելված երթևեկության համար գործող 5000 դրամ տուգանքն առաջարկվում է բարձրացնել մինչև 20 000 դրամ՝ սահմանելով նաև 2 տուգանային միավոր։

Փոխնախարարը նշեց, որ «Կանգառն արգելվում է» ճանապարհային նշանի պահանջը խախտելու համար նախատեսվում է սահմանել 20 000 դրամ տուգանք և 1 տուգանային միավոր։ Էլեկտրոնային ծանուցման և 15 օրվա ընթացքում վճարման դեպքում տուգանքի չափը կկազմի 11 200 դրամ։

Մկրտչյանն անդրադարձավ նաև երկրորդ կամ ավելի շարքում կայանելու դեպքերին։ Նա ասաց, որ այդ խախտման համար տուգանքը 5000 դրամից առաջարկվում է բարձրացնել մինչև 20 000 դրամ, իսկ տուգանային միավորը՝ 0.25-ից հասցնել 1-ի։

Տրանսպորտային միջոցի տարհանման կամ տեղափոխման դեպքում նախատեսված տուգանքը ևս առաջարկվում է բարձրացնել՝ 20 000 դրամից դարձնելով 29 000 դրամ։ Միաժամանակ տուգանային միավորը 0.5-ից կդառնա 1, նշեց փոխնախարարը։

Մկրտչյանն ասաց, որ փոփոխությունները վերաբերում են նաև մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնների խախտումներին։ Այս դեպքում ևս գործող 5000 դրամ տուգանքն առաջարկվում է բարձրացնել մինչև 20 000 դրամ՝ սահմանելով 1 տուգանային միավոր։

Արմեն Մկրտչյանն անդրադարձավ նաև վարորդների սթափության ստուգման նոր հնարավորություններին։

«Նախագծերի փաթեթով մենք նաև հնարավորություն ենք ստեղծում, որպեսզի տեխնիկական միջոցներով տեղում հնարավոր լինի ստուգել վարորդի սթափության վիճակը թմրանյութի օգտագործման տեսանկյունից, և այս մասով սանկցիաները մնում են նույնը․ երկու տարի ժամկետով զրկվում է տվյալ վարորդը վարելու իրավունքից»,- ասաց փոխնախարարը։

Նա նշեց, որ նախագծով կարգավորումներ են նախատեսվում նաև էլեկտրական ինքնագլորների երթևեկության համար։ Դրանց վարումը թույլատրվելու է 16 տարին լրացած անձանց, իսկ մայթերում և հետիոտնային գոտիներում առավելագույն արագությունը սահմանվելու է 10 կմ/ժամ։

Մկրտչյանն ասաց, որ նախատեսվում է նաև իրավական հիմք ստեղծել ինքնագլորների վրա ծրագրային կամ սարքային արագության սահմանափակիչներ տեղադրելու համար։ Դրանք պետք է ապահովեն, որ մայթերում երթևեկելիս ինքնագլորներն ինքնաշխատ կերպով չկարողանան գերազանցել սահմանված արագությունը։

ՆԳ նախարարի տեղակալն անդրադարձավ նաև քաղաքացիների միջոցով ճանապարհային խախտումների արձանագրման հավելվածի օգտագործման պայմաններին։

«Այստեղ խիստ նույնականացումն ենք ուզում հանել, այն է՝ անձը հաստատող փաստաթղթով նույնականացվելու պահանջը, քանի որ սա էական բարդություններ է ստեղծում քաղաքացիների համար… Նաև հանում ենք այն սահմանափակումը, որ միևնույն տրանսպորտային միջոցը, օրինակ, սահմանափակ քանակ էր կարելի նկարահանել՝ 3-5 անգամ»,- ասաց փոխնախարարը։

Մանրամանսերը՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment