«Հնարավոր էր առաջին պահին շտապօգնություն կանչել, և միգուցե սա չէր լինի։ Ո՞նց եք պատկերացնում, որ արդարադատության նախարարն՝ այն էլ այս իշխանության պարագայում, ասեր՝ մեղավոր ենք։ Խնդիրը սկսվել է զանգովի արդարադատությունից»,- փաստմանը՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր ելույթում ըստ էության նշեց, որ «Ուժեղ Հայաստան»-ի՝ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան հարցում իշխանությունը մեղավոր չէր, մասնավորապես նշել, որ ըստ արձանագրված կանչի և ժամանման ժամանակի՝ շտապօգնությունը ՔԿՀ է մուտք գործել 16 րոպե անց, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
Ըստ նրա՝ իշխանությունը մեղավոր է առաջին հերթին նրանում, որ Արսեն Գևորգյանը եղել է կալանավայրում և վստահեցրեց՝ եթե անգամ նա լիներ ընդհուպ մինչև տնային կալանքում, այս իրավիճակը չէր լինի։
Ներկայացնելով կալանավայրում իր փորձը՝ ասաց․ «Ես էլ եմ եղել կալանավայրում, բուժակները նվիրված իրենց գործն արել են, բայց 24 ժամ բժիշկ չէր լինում, բուժակներ էին լինում»։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստանի»՝ սահմանադրության տեքստի փոփոխության հետ կապված իրազեկման ակցիաներին՝ ասաց․ «Մեր ակցիաների իմաստը նա է՝ ժողովրդին ոչ թե ասել՝ պատրաստվեք «ոչ»-ի, այլ իրազեկել, թե ինչի դեմ է պայքարում «Ուժեղ Հայաստանը»։ Իշխանական քարոզչությունն ասում է՝ թող ժողովուրդը որոշի հանրաքվեով։ Բայց Սահմանադրությունը տալիս է հետեւյալ գործիքը, ասում է՝ իշխանություն, եթե դու ունես սահմանադրական մեծամասնություն, ունես իրավունք ընդհուպ մինչև սահմանադրական հանրաքվե նախաձեռնելը, բայց եթե չես ստացել սահմանադրական մեծամասնություն, չես կարող դա անել։ Ընդդիմության էլ ձայն տվողներն ասում են՝ չթողնես առանց քո համաձայնության հանրաքվե հայտարարել։ Իրենք ժողովրդին խաբում են, ասում են՝ թող ժողովուրդը որոշի։ Սահմանադրական նորմը դա հստակ կարգավորում է։ Մեր խնդիրն է ներկայացնել, թե ինչ են ուզում անել իշխանությունները։ Ակցիաների նպատակն է ժողովրդին այս ամենի մասին իրազեկել։ Ժողովրդին չեմ նախանձում, դժվար է կողմնորոշվելը, մեր խնդիրը ժողովրդին ճիշտ կողմնորոշելն է»։
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: