Բուժման ընթացքը 21 օր է, հետո չենք կարող խնամք իրականացնել. նախարարը՝ հոգեկան առողջության խնդրով անձանց մասին
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
«Երբ հանցագործություն է իրականացնում հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձը, դա՝ որպես առանձին երևույթ, հանրային առավել մեծ ուշադրության է արժանանանում»:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ խոսելով օրեր առաջ 29-ամյա երիտասարդի սպանության դեպքից, որին սպանել էր հոգեկան առողջության կենտրոնում հաշվառված անձը։
«Չպետք է միայն շեշտադրումը դնել մարդու առողջության վրա, խնդիր չունեցող անձինք էլ են կատարում հանցագործություններ»,- ասել է նա։
Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մոտ 100 հազար քաղաքացի կա, որ ունեն որևէ ախտորոշում։
«Ինչպե՞ս եք պատկերացնում՝ արդյոք հոգեկան առողջության հետ խնդիր ունեցող անձին պե՞տք է միշտ մեկուսացված պահել։ Երբ անձի մոտ լինում են սրացումներ, երկու ձև կա հոսպիտալացնելու՝ երբ ինքնակամ է գնում, կամ երբ դատարանն է որոշում։ Մենք չենք կարող անձին պարտադրել բուժում առանց դատարանի որոշման»,- հարց է ուղղել Ավանեսյանը։
Նախարարն ասել է, որ Հայաստանում խնամքի կենտրոնների պակաս կա, ինչը շատ մեծ խնդիր է։
«Ունենք անձինք, որոնք գալիս են մեզ մոտ, բուժման ընթացքը 21 օր է, 21 օր հետո չունենք համապատասխան ինստիտուտներ, որ կարողանանք ուղարկել, որպեսզի հետագա խնամքն իրականացվի»,- հավելել է Ավանեսյանը։