Եվրագոտու տնտեսությունը երրորդ եռամսյակում, նախորդ երեք ամիսների համեմատ, աճել է 0.4%-ով։ Այդ մասին վկայում են Եվրամիության վիճակագրական ծառայության վերանայված տվյալները։
Տարեկան կտրվածքով` ՀՆԱ-ի աճը կազմել է 1.3%։
Երկու ցուցանիշներն էլ համընկել են ինչպես նախնական հրապարակված տվյալների, այնպես էլ Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանների միջին կանխատեսումների հետ։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Եվրամիության տնտեսությունն աճել է 0.5%-ով՝ եռամսյակային, և 1.5%-ով՝ տարեկան կտրվածքով։ Այս ցուցանիշները նույնպես համապատասխանում են նախնական գնահատականին։
Նիդեռլանդների և Իսպանիայի ՀՆԱ-ն եռամսյակային կտրվածքով աճել է 0.6%-ով, Գերմանիայինը՝ 0.2%-ով։ Իտալիայի ցուցանիշը չի փոխվել, իսկ Ֆրանսիայինը նվազել է 0.1%-ով։
Սա ՀՆԱ-ի փոփոխության վերաբերյալ երեք գնահատականներից երկրորդն է։ Վերջնական տվյալները կհրապարակվեն դեկտեմբերի 7-ին։
Երկրորդ եռամսյակում եվրագոտու տնտեսությունն աճել էր 0.6%-ով՝ նախորդ եռամսյակի համեմատ, և 1.2%-ով՝ 2025 թվականի ապրիլ-հունիս ամիսների համեմատ։ Եվրամիության ՀՆԱ-ի աճը համապատասխանաբար կազմել էր 0.7% և 1.4%։