Արթուր Վաղարշյանն ընտրվել է ՍԴ փոխնախագահ

ՍԴ-ից հայտնում են, որ 2026 թվականի նոյեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահ է ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր Արթուր Վաղարշյանը` վեց տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 6-ին ՍԴ փոխնախագահի պաշտոնից հրաժարվել էր Էդգար Շաթիրյանը՝ Վլադիմիր Վարդանյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելուց հետո։ Շաթիրյանը ևս հավակնում էր ՍԴ նախագահի պաշտոնին, սակայն չէր ընտրվել։

Իր որոշումը նա բացատրել էր հետևյալ կերպ. «Հաշվի առնելով այն, որ փաստվեցին ձևավորված իրողությունները, ես անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը՝ որպես Սահմանադրական դատարանի փոխնախագահ»։

Շաթիրյանը նաև հարց էր բարձրացրել՝ արդյոք 2020 թվականի հունիսին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների վերջնանպատակը սա էր։ Միաժամանակ նա հերքել էր իր նկատմամբ ճնշումների առկայությունը։ Շաթիրյանը շարունակում է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։

Leave a comment