Մեդիաոլորտի միջազգային զարգացումները. թվային անվտանգությունից մինչև հեռարձակման նոր կանոնակարգեր

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը ներկայացնում է միջազգային մեդիա լրահոսի առանցքային իրադարձությունների, կարգավորող մարմինների որոշումների և ոլորտային վերջին զարգացումների ամփոփ տեսությունը։

Ofcom-ի ճնշման արդյունքում Snapchat-ը սկսել է անջատել «Find Friends» գործառույթը երեխաների հաշիվներում

Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմին Ofcom-ը հայտնել է, որ իր շարունակական ճնշման արդյունքում «Snapchat»-ը սկսել է անջատել «Find Friends» գործառույթը երեխաների հաշիվներում՝ որպես հիմնական կարգավորում։ Այս գործառույթի սահմանափակումը նպատակ ունի նվազեցնել երեխաների՝ անծանոթ անձանց հետ շփման և առցանց սեռական շահագործման ռիսկերը։ «Snapchat»-ը նաև «Ofcom»-ին տեղեկացրել է, որ մինչև ընթացիկ տարվա ավարտը նախատեսում է ներդնել տարիքային ստուգման արդյունավետ մեխանիզմներ՝ ապահովելու համար, որ մինչև 18 տարեկան բոլոր օգտատերերը օգտվեն անվտանգության նոր միջոցներից։ «Ofcom»-ը հայտարարել է, որ վերահսկելու է փոփոխությունների ամբողջական ներդրումը և զգուշացրել տեխնոլոգիական ընկերություններին, որ երեխաների նկատմամբ առցանց սպառնալիքներին պատշաճ չարձագանքելը կարող է հանգեցնել հարկադրանքի միջոցների կիրառման։

https://www.ofcom.org.uk/online-safety/protecting-children/ofcom-provides-update-following-its-call-to-action-on-tech-industry-to-improve-protections-for-children

Ուելսի արտադրողների ասոցիացիան պահանջում է պաշտպանել տեղական հեռարձակման ոլորտը

Ուելսի անկախ հեռուստատեսային արտադրողների ասոցիացիան (TAC – Teledwyr Annibynnol Cymru) կոչ է արել պաշտպանել Ուելսի հեռարձակման ոլորտը՝ մտահոգություն հայտնելով BBC Cymru Wales-ի ֆինանսավորման և ծրագրային կրճատումների կապակցությամբ։ Կազմակերպության տվյալներով՝ BBC Cymru Wales-ը նախատեսում է կրճատել 58 աշխատատեղ, Ուելսում հեռուստատեսային ծրագրերի ծավալը՝ 20 ժամով, ինչպես նաև դադարեցնել մի շարք ռադիոհաղորդումներ։ TAC-ը ներկայացրել է մի շարք առաջարկություններ. · Ապահովել ուելսալեզու S4C հանրային հեռարձակողի կայուն և երկարաժամկետ ֆինանսավորումը։ · BBC-ի նոր թագավորական կանոնադրության վերանայման ընթացքում հաշվի առնել Ուելսի հեռարձակման առանձնահատկությունները։ · Պաշտպանել ինչպես ուելսերեն, այնպես էլ անգլերեն լեզուներով հեռուստատեսային և ռադիոհաղորդումների արտադրությունը։ · Աջակցել Ուելսում գործող անկախ արտադրողներին՝ պահպանելով նրանց համար հեռուստատեսային բովանդակության արտադրության պատվերների հնարավորությունները։ Ուելսի հեռուստատեսային արտադրության ոլորտի տնտեսական արժեքը կազմում է շուրջ 460 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 614 մլն դոլար կամ 221 մլրդ դրամ)։

https://www.advanced-television.com/2026/11/06/tac-calls-for-welsh-broadcasting-safeguards/

Իտալիայի կարգավորող մարմինն սկսել է հեռարձակման ոլորտի բարեփոխումների հանրային քննարկում

Իտալիայի կարգավորող մարմին AGCOM-ը հանրային խորհրդակցություն է սկսել հեռարձակման ոլորտի կարգավորումների փոփոխությունների վերաբերյալ։ Առաջարկվող բարեփոխումներն ընդգրկում են հեռարձակողների գործունեության թույլտվությունները, թվային եթերային հեռարձակման (DTT) ցանցերի կառավարումը, արբանյակային և այլընտրանքային ծառայությունները, ինչպես նաև հեռուստաալիքների համարակալման համակարգը (LCN)։ Հիմնական առաջարկությունները՝ · Կապիտալի նվազագույն պահանջ – առևտրային հեռարձակողները պետք է գործեն բաժնետիրական ընկերությունների կամ կոոպերատիվների ձևով՝ առնվազն 155․000 եվրո ամբողջությամբ վճարված կապիտալով։ Տեղական և համայնքային հեռարձակողների համար նախատեսված են բացառություններ։ · Հեռուստաալիքների անվանումների փոփոխություն – հեռարձակողները պետք է անվանափոխության համար պաշտոնական թույլտվություն ստանան նախարարությունից։ Գործընթացը կարող է տևել մինչև 30 օր։ · DTT և IP հեռարձակման համակցում – գործող լիցենզիաները հնարավորություն կտան հեռարձակողներին իրենց ծրագրերը տարածել նաև ինտերնետային ցանցերով՝ ինտերակտիվ հավելվածների միջոցով։ · Երրորդ կողմի բովանդակություն – այլ մատակարարների IP բովանդակությունը սեփական հեռուստաալիքների համարներով տարածելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ թույլտվություններ։ · Հեռուստաալիքների համարակալում – 650-699 համարները նախատեսվում է հատկացնել տեղական հեռարձակողներին, իսկ 950-999 միջակայքը՝ ազգային հեռարձակողներին, որոնք հասանելիություն են ապահովում երրորդ կողմի IP ծառայություններին։ Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև այն պահանջը, ըստ որի՝ DTT հեռարձակումից IP հեռարձակման անցումը պետք է իրականացվի միայն հեռուստադիտողի հստակ գործողությունից հետո՝ նախապես էկրանին համապատասխան ծանուցում ցուցադրելով։

https://www.advanced-television.com/2026/11/06/italy-plans-broadcasting-reforms/

Անկախ մամուլի ասոցիացիան (API) դարձել է Մոլդովայի Տեսալսողական խորհրդի կողմից սերտիֆիկացված առաջին «վստահելի ազդարարը»

Մոլդովայի տեսալսողական խորհուրդը առաջին անգամ «վստահելի ազդարարի» (Trusted Flagger) կարգավիճակ է շնորհել Անկախ մամուլի ասոցիացիային (API), որի համապատասխան դիմումը ներկայացվել էր 2026թ․ օգոստոսի 20-ին։ Կարգավիճակը կազմակերպությանը հնարավորություն է տալիս տեսանյութերի փոխանակման հարթակներին մասնագիտական ծանուցումներ ներկայացնել առցանց տարածվող անօրինական բովանդակության վերաբերյալ, այդ թվում՝ · անչափահասների ֆիզիկական, մտավոր և բարոյական զարգացմանը վնասող նյութեր, մանկական պոռնոգրաֆիա և երեխաների սեռական շահագործում, · ազգային և հանրային անվտանգությանը սպառնացող բովանդակություն, ահաբեկչության, բռնության, ռասիզմի և այլատյացության հրահրում, · ատելության խոսք, · ֆինանսական գործիքների վերաբերյալ կեղծ կամ մոլորեցնող տեղեկատվություն։ Կազմակերպությունն ունի նման բովանդակություն հայտնաբերելու, նույնականացնելու և դրա վերաբերյալ ծանուցումներ ներկայացնելու մասնագիտական կարողություններ ռումիներեն և ռուսերեն լեզուներով։ Կարգավիճակը տրամադրվում է երեք տարի ժամկետով։ Դրա ստացման պարտադիր պայմաններից են Մոլդովայում գործունեություն ծավալելը, տեսանյութերի փոխանակման հարթակներից և քաղաքական կուսակցություններից անկախ լինելը, ինչպես նաև ծանուցումները պատշաճությամբ, ճշգրտությամբ և անաչառությամբ ներկայացնելը։ Սահմանված պահանջները չպահպանելու դեպքում կարգավիճակը կարող է հետ կանչվել։

https://consiliuaudiovizual.md/news/asociatia-presei-independente-primul-notificator-de-incredere-certificat-de-consiliul-audiovizualului/

RTÜK-ը ներկայացրել է AI-ի վրա հիմնված թվային հեռարձակման վերահսկողության VİA Plus համակարգը

Թուրքիայի հեռուստատեսության և ռադիոյի բարձրագույն խորհուրդը ներկայացրել է VİA Plus (Տվյալների ուսումնասիրության և վերլուծության համակարգ) նախագիծը, որի նպատակն է AI-ի միջոցով բարձրացնել հեռարձակման ոլորտի վերահսկողության արդյունավետությունը։ Նախագծի շրջանակում RTÜK-ը հանդիպում է անցկացրել համացանցով հեռարձակում իրականացնող և ըստ պահանջի տեսալսողական ծառայություններ մատուցող թվային հարթակների ներկայացուցիչների հետ՝ քննարկելով վերջիններիս տեխնիկական ինտեգրումը համակարգին։ Համակարգի շրջանակում թվային հարթակները պետք է ամեն օր RTÜK-ին փոխանցեն իրենց բովանդակության կատալոգների վերաբերյալ տեղեկությունները՝ միասնական ձևաչափով։ Սակայն ամբողջ բովանդակությունը զանգվածաբար չի ներբեռնվելու․ վերահսկողության անհրաժեշտության կամ բողոքի առկայության դեպքում RTÜK-ի մասնագետն ինքն է ընտրելու ուսումնասիրության ենթակա կոնկրետ նյութը, որը վերլուծության կենթարկվի AI-ի գործիքների միջոցով։ Համակարգի հիմնական հնարավորություններն են՝ · Խոսքի ավտոմատ վերածում տեքստի․ խոսակցությունների ճանաչում և տեքստային տարբերակի ստացում՝ ժամանակային նշումներով։ · Ավտոմատ թարգմանություն․ տարբեր լեզուներով բովանդակության թարգմանություն թուրքերեն։ · Տեսապատկերների և տեսարանների վերլուծություն․ տեսանյութերում պատկերների, տեսարանների և առանձին օբյեկտների նույնականացում։ · Բանալի բառերի հայտնաբերում․ նախապես սահմանված բառերի և արտահայտությունների հայտնաբերման միջոցով համապատասխան ազդանշանների ձևավորում։ · Վերլուծական հաշվետվություններ․ վերահսկվող բովանդակության վերաբերյալ նախնական առաջարկությունների և հաշվետվությունների պատրաստում։

https://www.rtuk.gov.tr/rtuk-ushers-in-a-new-era-in-ai-powered-digital-broadcasting-with-via-plus-data-inspection-and-analysis-system/5248/en

Ofcom-ը խստացրել է ռեալիթի շոուների մասնակիցների պաշտպանության ուղեցույցը

Ofcom-ը թարմացրել և ուժեղացրել է ռեալիթի հաղորդումների մասնակիցների բարեկեցության պաշտպանության վերաբերյալ իր ուղեցույցը՝ հատուկ ուշադրություն դարձնելով հուզական և ֆիզիկական մտերմություն ենթադրող հաղորդումների ձևաչափերին։ Նոր ուղեցույցը վերաբերում է հեռարձակման կանոնակարգի 7-րդ բաժնին, որը կարգավորում է արդարության և մասնակիցների նկատմամբ պատշաճ վերաբերմունքի հարցերը։ Ուղեցույցի փոփոխությունները կատարվել են «Channel 4-ի Married at First Sight UK» հաղորդման շուրջ առաջացած խնդիրների և հեռարձակողի պատվիրած անկախ ուսումնասիրությունների առաջարկությունների հիման վրա։ Ofcom-ը միաժամանակ ընդգծել է, որ ինքը չի հաստատում կամ արգելում հեռուստահաղորդումների ձևաչափերը, սակայն հեռարձակողներից պահանջում է պաշտպանել մասնակիցներին կանխատեսելի ռիսկերից։ Հիմնական փոփոխությունները և պահանջները՝ · Ռիսկերի գնահատում․ հեռարձակողները պետք է հաշվի առնեն հաղորդման ձևաչափով պայմանավորված հուզական ճնշումները, մասնակիցների միջև հարաբերությունները և հնարավոր ռիսկերը։ · Նախնական ստուգումներ․ առաջարկվում է նախապես ուսումնասիրել մասնակիցների առանձնահատկությունները և նրանց հստակ տեղեկացնել հաղորդման ընթացքում սպասվող վարքագծի ու պայմանների մասին։ · Անկախ մասնագիտական աջակցություն․ բարձր ռիսկային հաղորդումների դեպքում նախատեսվում է ներգրավել խմբագրական թիմից անկախ մասնագետների և մասնակիցների բարեկեցության հարցերով զբաղվող աշխատակիցների։ · Հոգեբանական աջակցություն․ նկարահանումների ընթացքում մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի կապ հաստատել ընտանիքի և ընկերների հետ։ · Տեղեկացված համաձայնություն․ մասնակիցների համաձայնությունը պետք է շարունակաբար վերանայվի, հատկապես այն դեպքերում, երբ փոխվում են իրավիճակը, հուզական լարվածությունը կամ ֆիզիկական մտերմության պայմանները։ · Բողոքարկման մեխանիզմներ․ հեռարձակողներն ու արտադրող ընկերությունները պետք է ունենան միջադեպերի արձանագրման և դրանց վերաբերյալ բողոքների քննության հստակ ընթացակարգեր։

https://www.broadbandtvnews.com/2026/11/10/ofcom-strengthens-welfare-guidance-for-reality-tv-participants/

Իտալական դատարանն ուժի մեջ է թողել Smart TV-ներում հանրային ծառայությունների տեսանելիության կանոնները

Իտալիայի Լացիոյի վարչական դատարանը մերժել է Google-ի, Samsung-ի և Anitec-Assinform արդյունաբերական ասոցիացիայի բողոքները՝ ուժի մեջ թողնելով հեռահաղորդակցության կարգավորող մարմին AGCOM-ի՝ Smart TV հեռուստացույցներում հանրային նշանակության հեռուստատեսային և ռադիոծառայությունների տեսանելիության ապահովման կանոնները։ Դատարանի որոշմամբ՝ հեռուստացույցի գլխավոր էկրանին բովանդակության տեղադրությունը կարող է էական ազդեցություն ունենալ հեռուստադիտողի ընտրության վրա։ Հետևաբար հանրային նշանակության և անվճար հեռարձակվող ծառայությունների համար առաջնահերթ հասանելիության ապահովումը համարվում է մեդիա բազմակարծության պաշտպանության միջոց։ Կարգավորումների համաձայն՝ · Smart TV-ների, թվային ընդունիչների և այլ միացված սարքերի գլխավոր էկրանին պետք է առանձնացվի ինը հիմնական հասանելիության պատկերակներից բաղկացած հատված։ · Պետք է նախատեսվի առանձին ֆիզիկական կամ թվային կոճակ՝ թվային եթերային հեռարձակմանը (DTT) անմիջականորեն անցնելու համար։ · Առանձին պատկերակներ պետք է հատկացվեն Իտալիայի հիմնական անվճար հեռուստատեսային ցանցերին՝ Rai, RTI Mediaset, La7, Sky Italia և Warner Bros Discovery Italia։ · Առանձին պատկերակներ են նախատեսվում նաև տեղական և տարածաշրջանային հեռուստաալիքների, ինչպես նաև ազգային ռադիոկայանների խմբերի համար։

https://www.advanced-television.com/2026/11/10/italy-court-upholds-rules-on-content-prominence-on-ctvs/

Ֆրանսիայի նախագահականում ներկայացվել է զեկույց գեներատիվ արհեստական բանականության խոցելիությունների մասին

Ֆրանսիայի նախագահական նստավայրում ներկայացվել է «Պաշտպանել՝ առանց արգելելու․ խոցելիությունները գեներատիվ արհեստական բանականության դարաշրջանում» (Protéger sans empêcher: les vulnérabilités à l’ère de l’IA générative) զեկույցը։ Փորձագիտական հանձնաժողովը բաղկացած է եղել 9 անկախ մասնագետից և իրականացրել է 55 հարցազրույց՝ առողջապահության, գիտության, կրթության, տեխնոլոգիական ընկերությունների և երեխաների պաշտպանության ոլորտների ներկայացուցիչների հետ։ Զեկույցում ներկայացվել է 18 առաջարկություն։ Հիմնական բացահայտումները և մտահոգությունները՝ · Երեխաների ճանաչողական զարգացում․ զեկույցում ներկայացվում են գեներատիվ AI-ի չափազանց մեծ օգտագործման հնարավոր բացասական ազդեցությունները մտածողության և ինքնուրույն գրելու կարողությունների վրա։ · Հուզական կախվածություն․ ընդգծվում են չաթբոտների նկատմամբ հուզական կապվածության և դրանց մարդակերպ ընկալման ռիսկերը։ Ֆրանսիացի դեռահասների 92%-ը նշել է, որ AI հավելվածներում ավելի շատ ժամանակ է անցկացնում, քան կցանկանար։ · Թվային բռնություն․ ուշադրություն է հրավիրվում AI-ի միջոցով սեռական բնույթի կեղծ պատկերների և այլ վնասակար նյութերի տարածման աճի վրա։ · Տեղեկատվական անվտանգություն․ նշվում է, որ ֆրանսիացիների 73%-ն արդեն AI-ն օգտագործում է որպես տեղեկատվություն ստանալու միջոց՝ չնայած սխալ պատասխանների և կողմնակալության ռիսկերին։ · Ժողովրդավարական գործընթացներ․ հանձնաժողովն ընդգծում է ընտրական գործընթացներում AI-ի միջոցով ապատեղեկատվության տարածման վտանգները։

https://www.elysee.fr/emmanuel-macron/2026/11/10/remise-du-rapport-de-la-commission-dexperts-ia-generative-et-vulnerabilites

Ավստրալիան պատրաստվում է խստացնել AI ոլորտի վերահսկողությունը և ստեղծել կարգավորող մարմին

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզիի կառավարությունն ընդունել է պետական համակարգում AI գործակալի կողմից անվտանգության խախտման դեպքի ուսումնասիրության բոլոր առաջարկությունները։ Փոփոխությունները նախատեսվում է ներառել AI ոլորտի վերաբերյալ կառավարության օրենսդրական փաթեթում, որը խորհրդարան կներկայացվի 2027 թվականին։ Առաջարկվող միջոցառումները ներառում են՝ · AI ընկերությունների համար պարտադիր հաղորդում՝ արհեստական բանականության համակարգերի ոչ պատշաճ վարքագծի և կիբեռմիջադեպերի մասին։ · AI անվտանգության կարգավորող մարմնի ստեղծում, որը կհետևի AI համակարգերի անվտանգության վերահսկողությանը դրանց մշակման և կիրառման ընթացքում։ · Անկախ գնահատումներ՝ AI մոդելների հնարավոր լուրջ ռիսկերը բացահայտելու նպատակով։ · Պատասխանատվության խստացում․ նախատեսվում է քննարկել քրեական օրենսդրության փոփոխությունները՝ լուրջ իրավախախտումների դեպքերի համար։ Կարգավորող մարմինը նաև իրավասու կլինի զգալի տուգանքներ կիրառել AI ընկերությունների նկատմամբ։

https://www.reuters.com/world/australia-tightens-ai-oversight-rules-after-openai-agent-breached-government-2026-11-10/

Եվրահանձնաժողովն ընդունել է AI կարգավորող փորձարկման միջավայրերի կանոնակարգը

Եվրահանձնաժողովը նոյեմբերի 10-ին ընդունել է թիվ 2026/2487 կիրարկող կանոնակարգը, որը սահմանում է AI կարգավորող փորձարկման միջավայրերի (AI regulatory sandboxes) ստեղծման, զարգացման, գործարկման և վերահսկողության միասնական պահանջները։ Այդ միջավայրերը հնարավորություն են տալիս ընկերություններին, այդ թվում՝ փոքր և նորաստեղծ ձեռնարկություններին, սահմանափակ ժամանակով և իրավասու մարմինների վերահսկողությամբ մշակել, փորձարկել և գնահատել AI համակարգերը՝ մինչև շուկա դուրս բերելը։ Նպատակն է ապահովել իրավական հստակություն, խթանել պատասխանատու նորարարությունը և նվազեցնել ԵՄ անդամ պետություններում կարգավորման մասնատվածությունը։

https://eur-lex.europa.eu/legal-content/EN/TXT/PDF/?uri=OJ:L_202602487

Ofcom-ը հրապարակել է մահացած երեխաների օգտահաշիվների վերաբերյալ վերջնական ուղեցույցը

Ofcom-ը հրապարակել է «Առցանց անվտանգության մասին» 2023թ․ օրենքով նախատեսված՝ մահացած երեխաների օգտահաշիվների վերաբերյալ վերջնական ուղեցույցը։ Համապատասխան պարտավորություններն ուժի մեջ են մտել 2026թ․ նոյեմբերի 11-ից։ Դրանք վերաբերում են Մեծ Բրիտանիայի հետ կապ ունեցող և օրենքով սահմանված կարգով կարգավորվող օգտատերերի միջև փոխգործակցության, որոնման և համակցված ծառայություններին։ Ofcom-ը նաև խորհուրդ է տալիս նման դիմումների հետ աշխատել զգայուն և կարեկցանքի վրա հիմնված մոտեցմամբ՝ ծնողներին տրամադրելով հստակ տեղեկատվություն, այդ թվում՝ հնարավոր պատասխանի ժամկետների և տվյալների հրապարակման սահմանափակումների մասին։ Կարևոր է, որ այս պարտավորությունները չեն նշանակում՝ ծառայությունները պետք է անպայման տրամադրեն պահանջված բոլոր տեղեկությունները․ դրանք պետք է ունենան հստակ և թափանցիկ ընթացակարգեր։ Ծառայություններ մատուցողները պարտավոր են՝ · իրենց օգտագործման պայմաններում հստակ ներկայացնել, թե ինչպես են քննարկելու մահացած երեխայի ծնողների՝ երեխայի հաշվի օգտագործման վերաբերյալ տեղեկություն ստանալու դիմումները, · սահմանել դիմում ներկայացնելու և ծնողի ինքնությունը կամ երեխայի հետ կապը հաստատելու ընթացակարգերը, · ժամանակին պատասխանել հարցումներին և տեղեկացնել դրանց ընթացքի մասին, · ապահովել աջակցության հատուկ միջոց՝ օրինակ՝ հեռախոսային գիծ կամ ծառայության առանձին բաժին, · ունենալ բողոքների ներկայացման և քննության հասանելի ընթացակարգ։

https://www.ofcom.org.uk/siteassets/resources/documents/consultations/category-1-10-weeks/guidance-deceased-child-user-duties/statement-docs/statement-deceased-child-user-duties.pdf?v=427860

Մոլդովայի Տեսալսողական խորհուրդը հաստատել է Գագաուզիայի ընտրությունների լուսաբանման երրորդ զեկույցը

Մոլդովայի տեսալսողական խորհուրդը հաստատել է Գագաուզիայի Ժողովրդական ժողովի և ինքնավարության ղեկավարի ընտրությունների լուսաբանման մոնիթորինգի երրորդ զեկույցը։ Ուսումնասիրությունն ընդգրկել է 2026թ․ հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը ժամանակահատվածը և վեց հեռուստաընկերություն՝ Moldova 1, TV-Găgăuzia, TV8, Cinema 1, PRO TV Chișinău և unu1 TV։ Արդյունքում՝ · TV-Găgăuzia-ն տուգանվել է 5000 մոլդովական լեյով (մոտ 100 հազար դրամ)՝ ընտրական բանավեճերի կազմակերպման և ընտրական լուսաբանման կանոնների խախտումների համար։ · unu1 TV-ին հայտարարվել է հանրային նախազգուշացում՝ ընտրական հարցումների արդյունքները ներկայացնելիս պարտադիր տեղեկությունները ամբողջությամբ չհրապարակելու համար։ · TV-Găgăuzia-ի ընտրական բանավեճերում արձանագրվել են մանիպուլյատիվ ուղերձներ, սեքսիստական արտահայտություններ, սեռական կողմնորոշման հիմքով խտրականություն և ապատեղեկատվական տարրեր պարունակող պնդումներ։ · Հեռուստաընկերության լուսաբանման մեջ նկատվել է նաև տղամարդկանց զգալի գերակշռություն․ մոնիթորինգի ժամանակահատվածում ներկայացվել է 15 կին և 77 տղամարդ։

https://consiliuaudiovizual.md/news/rezultatele-celui-de-al-treilea-raport-privind-monitorizarea-mediatizarii-alegerilor-regionale-din-15-noiembrie-aprobate-de-ca-posturile-grt-si-unu1-tv-sanctionat/

ACMA-ն հրապարակել է առցանց ծառայությունների համար նախնական ուղեցույց՝ խաղադրույքների գովազդի սահմանափակումների վերաբերյալ

Ավստրալիայի հաղորդակցության և մեդիայի վարչությունը (ACMA) հրապարակել է առցանց բովանդակության ծառայություններ մատուցողների համար նախնական ուղեցույց՝ խաղադրույքների գովազդի տարածման նոր սահմանափակումների վերաբերյալ։ 2027թ․ հունվարի 1-ից առցանց բովանդակության ծառայություններին կարգելվի տարածել խաղադրույքների գովազդ, եթե նրանք չեն կիրառում այսպես կոչված «եռակի պաշտպանության» (Triple Lock) մեխանիզմը։ Գովազդի տարածումը թույլատրելի կլինի միայն այն դեպքում, երբ ծառայությունը՝

  1. Կանխի սահմանափակված օգտատերերի՝ նման գովազդին հասանելիությունը։

  2. Ապահովի, որ գովազդ ստացող անձինք օգտվում են գրանցված հաշիվներից։

  3. Գրանցված օգտատերերին հնարավորություն տա հրաժարվել խաղադրույքների գովազդ ստանալուց։ Սահմանափակված օգտատերեր են համարվում 18 տարին չլրացած անձինք, տարիքը չհաստատած օգտատերերը, չգրանցված հաշիվներով ծառայությունից օգտվողները և գովազդից հրաժարված անձինք։

https://www.acma.gov.au/articles/2026-11/acma-publishes-initial-industry-guidance-triple-lock-exception-online-content-services

ACMA-ն ավարտել է անվճար եթերային հեռուստատեսությամբ ալկոհոլային խմիչքների գովազդի ուսումնասիրությունը

ACMA-ն ավարտել է անվճար եթերային հեռուստատեսությամբ ալկոհոլային խմիչքների գովազդի կարգավորման ուսումնասիրությունը և առաջարկել փոփոխություններ՝ երեխաների՝ նման գովազդի ազդեցությունը նվազեցնելու նպատակով։ ACMA-ն նշել է, որ հատկապես հանգստյան օրերի ցերեկային սպորտային հեռարձակումներն ունեն մեծ լսարան, այդ թվում՝ երեխաներ, որոնք ներկայումս ենթարկվում են ալկոհոլի գովազդի ազդեցությանը։ Հիմնական առաջարկություններն են՝ · Վերացնել այն բացառությունները, որոնք թույլ են տալիս ալկոհոլի գովազդ ցուցադրել սպորտային հաղորդումների ընթացքում՝ նույնիսկ այն ժամերին, երբ դասակարգման կանոններով նման գովազդն արգելված կլիներ։ · Հեռարձակողների առցանց ծառայություններում ցուցադրվող հեռուստաբովանդակության նկատմամբ կամավոր կիրառել Free TV Code-ը՝ հեռուստատեսության և առցանց հարթակների համար պաշտպանության միասնական մոտեցում ապահովելու նպատակով։ · Կառավարության մակարդակով իրականացնել ալկոհոլի գովազդի կարգավորման համապարփակ վերանայում՝ ներառելով նաև առցանց միջավայրը, մարզական միջոցառումները և մարզահագուստի վրա տեղադրվող գովազդը։ Կարևոր է, որ ACMA-ն ինքնուրույն չի կարող փոփոխել ոլորտային ինքնակարգավորման կանոնները․ դրանք վերանայելու պատասխանատվությունը կրում է Free TV Australia-ն։ Եթե կազմակերպությունը չներկայացնի համապատասխան փոփոխություններ, ACMA-ն կարող է սահմանել պարտադիր կարգավորող չափորոշիչ։

https://www.acma.gov.au/articles/2026-11/acma-finalises-review-alcohol-advertising

FCC-ն պաշտոնապես հրապարակել է հեռուստաընկերությունների ազգային սեփականության 39%-անոց սահմանափակումը վերացնելու մասին կանոնը

ԱՄՆ Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը (FCC) պաշտոնապես հրապարակել է հեռուստաընկերությունների ազգային սեփականության սահմանափակումը վերացնելու մասին վերջնական կանոնը։ Մինչ այժմ գործող սահմանափակումը թույլ չէր տալիս մեկ հեռարձակող ընկերության ունենալ այնպիսի հեռուստակայանների սեփականության կամ վերահսկողության շահ, որոնց ընդհանուր պոտենցիալ ազգային լսարանը գերազանցում էր երկրի հեռուստատեսային տնային տնտեսությունների 39 տոկոսը։ Նոր մոտեցմամբ՝ · վերացվում է ազգային լսարանի 39 տոկոսանոց սահմանափակումը, · նախկինում արգելված գործարքները կքննարկվեն անհատական կարգով, · FCC-ն յուրաքանչյուր գործարք կգնահատի տեղականության, մրցակցության և կարծիքների բազմազանության տեսանկյունից։ Հանձնաժողովի հիմնավորումն այն է, որ հեռուստատեսային շուկայի փոփոխությունների և հոսքային հարթակների զարգացման պայմաններում նախկին միասնական սահմանափակումը կորցրել է իր արդյունավետությունը։

https://thefederalregister.org/documents/2026-23040/national-television-multiple-ownership-rule

Leave a comment