Ուկրաինական ԱԹՍ-ները նոյեմբերի լույս 16-ի գիշերը հարձակվել են Ռուսաստանի Ռոստովի մարզի վրա։ Ազով քաղաքում 3 մարդ վիրավորվել է, հայտնել է տարածաշրջանի նահանգապետ Յուրի Սլյուսարը, գրում է Current time-ը։
Նրա խոսքով՝ Ազովում հրդեհներ են բռնկվել չորս արտադրական օբյեկտներում։ Միլերովոյի շրջանում՝ Ռոգալիկ ավանում, ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով վնասվել է երեք առանձնատուն, գազատարը, հրդեհներ են բռնկվել։
Սլյուսարը չի հստակեցրել, թե հատկապես որ արտադրական օբյեկտներում են հրդեհներ բռնկվել։ Ուկրաինական մոնիթորինգային Exilenova+ և Supernova+ ալիքները, սակայն, գրել են, որ Ազովում նավթաբազա է այրվում։ Astra-ն նշում է, որ հրդեհը բռնկվել է Ազովի այն շրջանում, որտեղ միանգամից երկու նավթաբազա կա։ Դրանք համեմատաբար մոտ են միմյանց, ուստի հնարավոր չէ որոշել, թե դրանցից որն է այրվում։
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբից հայտնել են, որ տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2 երեխա։ Անօդաչուների բեկորներ են հայտնաբերվել 19 հասցեներում՝ Սևերսկայա և Դերբենտսկայա բնակավայրերում, ինչպես նաև Իլսկի ավանում։ Իլսկիում ձեռնարկություններից մեկի տարածքում հրդեհ է բռնկվել։ Ձեռնարկության անվանումը չի նշվում։ Այստեղ նավթավերամշակման գործարան կա։
Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հաստատել է, որ հարված է հասցվել Ղրիմի կամրջին։ Նրա խոսքով՝ տրանսպորտային երթևեկությունը սահմանափակված կլինի մոտավորապես մինչև օրվա կեսը։ Կերչում օպերատիվ շտաբ է տեղակայվել։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է, որ Մոսկվայի շրջանի ուղղությամբ թռել է շուրջ 600 անօդաչու թռչող սարք, որոնցից 191-ը խոցվել է մայրաքաղաքին մոտենալիս։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ուկրաինական 1336 անօդաչու թռչող սարք է խոցվել Տվերի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Կալուգայի, Տուլայի, Ռյազանի, Օրյոլի, Վորոնեժի, Վլադիմիրի, Սմոլենսկի, Նիժնի Նովգորոդի և Ռոստովի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, բռնակցված Ղրիմի, Մոսկվայի շրջանի, նաև Ազովի ու Սև ծովերի ջրային տարածքներում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի