«ԵՄ անդամակցությունը պատրանք համարողներին և Սահմանադրությամբ ամրագրելը Ռուսաստանից ճնշումների հնարավոր ուժեղացման պատճառ դիտարկողներին հիշեցնեմ». Արամ Սարգսյանը պատասխանում է Արմեն Գրիգորյանին

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՊԱԳԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԹԵ ՊԱՏՐԱՆՔ

ԵՄ անդամակցությունը պատրանք համարողներին և Սահմանադրությամբ ամրագրելը Ռուսաստանից ճնշումների հնարավոր ուժեղացման պատճառ դիտարկողներին հիշեցնեմ, որ եվրոպական ինտեգրման սահմանադրական ամրագրումը նորություն չէ։ Ռումինիան 2003-ին, Հունգարիան՝ 2002-ին, Սլովակիան՝ 2001-ին, Սլովենիան՝ 2003-ին, Խորվաթիան՝ 2010-ին սահմանադրական փոփոխություններ են կատարել՝ ԵՄ անդամակցության և եվրոպական ինտեգրման իրավական հիմքերն ամրագրելու նպատակով։ Հետագայում բոլորն անդամակցել են Եվրամիությանը։ Հետևաբար՜ Հայաստանի՝ եվրոպական ընտանիքին անդամակցելու ռազմավարական նպատակը Սահմանադրությամբ ամրագրելը ոչ թե արտառոց քայլ է, այլ եվրոպական ինտեգրման ճանապարհին կիրառված սահմանադրական մոտեցում։

Վարչապետը Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում պատասխանելով փորձագետների հարցերին՝ հստակ հայտարարել է. «Հայաստանի տեղը 20 տարի հետո տեսնում եմ Եվրամիության կազմում»։ Վարչապետի հայտարարությունը չի բացառում, որ այդ նպատակը կարող է իրականություն դառնալ նաև 3, 5 կամ 10 տարի հետո։ Սակայն իշխանության զգուշավորությունը և Մոսկվա այցերից ակնկալվող արդյունքները, իմ կարծիքով, միայն երկարաձգելու են այդ ժամկետը՝ առանց երաշխավորելու ցանկալի արդյունքը։

Անհնար է ազատվել Ռուսաստանի կախվածությունից՝ առանց հստակ քայլերի, առանց որոշակի ուղենիշի և, ամենակարևորը, առանց հենց Եվրամիության աջակցության։ Հիշեցնեմ, որ դեռևս 2013-ին Հայաստանը և Եվրամիությունն ավարտել էին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները, որը ներառում էր նաև Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ստեղծումը։ Սակայն Սերժ Սարգսյանը, սեպտեմբերի 3-ին հայտարարելով Մաքսային միությանը միանալու որոշման մասին, հրաժարվեց այդ ճանապարհից, և համաձայնագիրը չստորագրվեց։

Այսօր անհրաժեշտ է վերադառնալ եվրոպական տնտեսական ինտեգրման ավելի խորացման օրակարգին։ Ասոցացման համաձայնագրի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու բաղադրիչով նախատեսված հնարավորությունների իրացումը, ազատ վիզային ռեժիմի հաստատումը Հայաստանը որակապես նոր հարթություն կտեղափոխեն։ Դրանք կարևոր են ոչ միայն ԵՄ անդամակցության հեռանկարի, այլև մեր տնտեսության առողջացման և արտաքին կախվածություններից ազատվելու համար։ Իմ համոզմամբ՝ այս ուղղությունը այլընտրանք չունի։

Իհարկե, կան քաղաքական ուժեր, որոնք դեմ են նաև այս քայլերին, քանի որ կարող են առաջացնել Ռուսաստանի դժգոհությունը։ Բայց սա առանձին խոսակցության թեմա է։ Այդ ուժերը Ռուսաստանի և Բելառուսի միութենական պետության կողմնակիցներ են և, ըստ էության, կիսում են Բելառուսի նախագահի այն տեսակետը, թե հայերը, նույնիսկ ցանկության դեպքում, գնալու տեղ չունեն։ Եթե մենք մեր սահմանադրական որոշումները պետք է պայմանավորենք նրանով, թե Մոսկվան ինչպես կարձագանքի, պետք է ազնվորեն պատասխանենք մեկ հարցի՝ ո՞վ է որոշում Հայաստանի ապագան՝ Հայաստանի ժողովու՞րդը, թե՞ Ռուսաստանը։

Հ.Գ. 2018-ի ընտրություններից սկսած՝ մեր ժողովուրդը բազմաթիվ ծանր ու դժվարին փորձություններ է անցել և իր քվեարկությամբ բազմիցս ապացուցել է, որ իր ընտրությունը արդեն իսկ կատարել է, այն է` առաջադեմ և ժողովրդավարական երկրների շարքում լինելը, ու՝ փառք Տիրոջը…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment