Վիտամինների ամենուրեք հանդիպող գովազդը՝ զուգորդված դրանց բավարար մակարդակը պահպանելու կարևորության մասին մշտական հիշեցումներով, ստեղծում է այնպիսի տպավորություն, թե այդ գունագեղ սրվակներում պարունակվում է գրեթե համընդհանուր դեղամիջոց բոլոր հիվանդությունների դեմ։ Դեղատներում դրանց հեշտ հասանելիությունը և լայն տեսականին, որը բավարարում է ցանկացած ճաշակ ու բյուջե, շատերին դրդում են սկսել դրանք ընդունել առանց բժշկական հսկողության՝ հաճախ պարզապես «ամեն դեպքում» կամ «ապահովության համար»։ Ինչո՞ւ է սա վտանգավոր, հատկապես տարվա ցուրտ եղանակներին։
Սննդաբան և սնուցման հարցերով փորձագետ Ռոման Պրիստանսկին «Ռադիո 1»-ի հետ զրույցում նշել է, որ աշնանային և ձմեռային ամիսներին վիտամինների նկատմամբ մեծ ուշադրությունը, իրականում, պայմանավորված չէ ֆիզիոլոգիական անհրաժեշտությամբ։
«Սա հին մարքեթինգային հնարք է. գաղափարն այն է, որ վաղ գարնանը կամ ուշ աշնանը՝ շնչառական հիվանդությունների ակտիվացման շրջանում, ինքնազգացողությունը բարելավելու համար պետք է ավելացնել վիտամինների ընդունումը։ Պնդումն այն է, որ դա օգնում է. սա դասական, արդյունավետ մարքեթինգային ռազմավարություն է, որն աշխատում է նաև այսօր», – ասել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք տան պայմաններում վիտամինների չափից ավելի մեծ դեղաչափ ընդունել (գերդոզավորում), Ռոման Պրիստանսկին հստակ պատասխանել է՝ «այո»։
«Եթե շատ ջանք գործադրեք, կարող եք գերդոզավորում ստանալ ցանկացած բանից, նույնիսկ՝ ջրից։ Այլ կերպ ասած՝ ցանկացած վիտամինի անվերահսկելի և մեծ չափաբաժիններով ընդունումը, հատկապես երբ մարդիկ ինքնուրույն են որոշում՝ որքան պետք է ընդունեն, անկասկած, միշտ վնասակար է»,- պարզաբանել է Պրիստանսկին։
Ըստ փորձագետի՝ հատկապես մտահոգիչ է «վիտամիններով պայմանավորված հեպատիտի» դեպքերի աճը, քանի որ մարդիկ հաճախ փորձում են բավարարել իրենց սննդանյութերի պահանջը՝ ընդունելով օրական առաջարկվող չափաբաժնի 150, 200 կամ նույնիսկ 300 տոկոսը։
«Վիտամինների կամ սննդային հավելումների յուրաքանչյուր տարայի վրա նշված է, որ դրանք դեղամիջոցներ չեն։ Ավելին, Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի (ՄՄ ՏԿ 022/2011) համաձայն՝ արտադրողները պարտավոր են տեղադրել նախազգուշացում՝ «Օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ»։ Սննդային հավելումներում պարունակվող չափաբաժինները հաշվարկվում են՝ հիմնվելով սննդանյութերի ընդունման համարժեք մակարդակների վրա, և ենթակա են խիստ կարգավորման»,— նշել է սննդաբանը։