Զուրաբիշվիլին հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ է նշանակվել։
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանը և Վրաստանը վերականգնել են ուղիղ շփումները հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ–ից։
Հոկտեմբերի 21-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Գեորգի Զուրաբիշվիլիին նշանակել է Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով վարչապետի հատուկ ներկայացուցիչ։
«Գեորգի Զուրաբիշվիլիի հետ կապը հաստատել ենք։ Նրա ռուսաստանցի գործընկերը որոշվել է, նա փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինն է, որը համակարգում է Հարավային Կովկասի ուղղությունը։ Ռուսաստանը մշտապես հանդես է գալիս հօգուտ Վրաստանի հետ պրագմատիկ և փոխշահավետ հարաբերությունների կառուցման», – նշել են ՌԴ ԱԳՆ–ում։
ԱԳՆ–ից նշել են, որ շփման նման ձևաչափը վկայում է ռուս-վրացական երկխոսության վերականգնման մասին։