Թուրքական կուսակցությունը մեղադրել է Զելենսկիին երկրի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ

Թուրքական «Հայրենիք» կուսակցությունը Վլադիմիր Զելենսկիին մեղադրել է Թուրքիայի ինքնիշխանությունը ոտնահարելու մեջ՝ Կոստանդնուպոլսի պատրիարք Բարդուղիմեոսին «Տիեզերական» տիտղոսով հիշատակելու համար։ Կուսակցությունը պնդում է, որ դա հակասում է Լոզանի պայմանագրով սահմանված Պատրիարքության պատմական և իրավական կարգավիճակին, և այն որակում է որպես միտումնավոր քաղաքական սադրանք։

Հոկտեմբերի 31-ին Թուրքիա կատարած այցի ընթացքում Զելենսկին հանդիպել է պատրիարք Բարդուղիմեոսի հետ, իսկ ավելի ուշ սոցիալական ցանցերում գրառում կատարել այդ հանդիպման մասին՝ Կոստանդնուպոլսի պատրիարքության ղեկավարին բնորոշելով որպես «Տիեզերական»։

Տիտղոսի շուրջ ծագած վեճը բխում է Կոստանդնուպոլսի պատրիարքության կարգավիճակի վերաբերյալ տարբեր մեկնաբանություններից։ Ուղղափառ ավանդույթում «Տիեզերական» անվանումն արտացոլում է պատրիարքի պատմական առաջնայնությունը ուղղափառ եկեղեցիների ղեկավարների շարքում, ինչպես նաև նրա յուրահատուկ հոգևոր հեղինակությունը։ Միևնույն ժամանակ, պատրիարքը չունի վարչական իշխանություն աշխարհի բոլոր ուղղափառ եկեղեցիների նկատմամբ։

Թուրքական ազգայնական շրջանակները, այդ թվում՝ «Հայրենիք» կուսակցությունը, դեմ են այս կարգավիճակին որևէ միջազգային քաղաքական նշանակություն վերագրելուն։ Նրանք մտավախություն ունեն, որ պատրիարքի համար հատուկ դերի ճանաչումը կարող է ընդլայնել Ֆանարի ազդեցությունը կրոնական ոլորտից դուրս՝ հնարավոր է, այն վերածելով անկախ միջազգային դերակատարի։

«Թուրքիայում «Տիեզերական պատրիարք» կոչվող պաշտոն գոյություն չունի։ Այս տիտղոսի օգտագործումը ոտնձգություն է Թուրքիայի ինքնիշխան իրավունքների նկատմամբ»,- նշվում է կուսակցության փաստաթղթում, որը ձեռք է բերել «ՌԻԱ Նովոստի»-ն։

Leave a comment