Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն

Հասարակություն

15.11.2026 | 18:56

ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն աշխատանքային այց է կատարել Ծառայության Կոտայքի և Գեղարքունիքի մարզային վարչություն։ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքի մեկնարկին ընդառաջ՝ Կիրակոսյանն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն՝ մարզային վարչության պատասխանատու պաշտոնատար անձանց մասնակցությամբ։

Քննարկվել են առաջիկա աշխատանքների կազմակերպմանը, առկա խնդիրներին, առավել խնդրահարույց տարածքներին և հենակետերի տեխնիկական հագեցվածությանը վերաբերող հարցեր։ Գույքագրվել են խնդիրները, տրվել համապատասխան հանձնարարականներ՝ արգելքի ողջ ժամանակահատվածում աշխատանքների պատշաճ կազմակերպման և թերացումների բացառման նպատակով։

Կիրակոսյանն ընդգծել է, որ Սևանի ձկնային պաշարների պահպանումը Ծառայության առաջնահերթություններից է։ Հանձնարարվել է անձնակազմի ներուժը կենտրոնացնել ապօրինի որսի կանխարգելման և արգելքի պահանջների պահպանման ուղղությամբ՝ իրականացնելով նաև բնակչության հետ շարունակական իրազեկման և բացատրական աշխատանքներ։

Առանձնահատուկ ընդգծվել է, որ նոյեմբերի 20-ից հետո Սևանա լճում պետք է բացառվի ձկնորսական նավակների, ցանցերի և որսի այլ միջոցների առկայությունը և շատ կարևոր է, որ դրանց սեփականատերերը և օգտագործողները սահմանված ժամկետում ապահովեն նավակների ու որսամիջոցների դուրս բերումը լճից։

Հիշեցնենք, որ Կառավարության 2026 թվականի փետրվարի 5-ի N 120-Ն որոշման համաձայն՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը Սևանա լճում խստիվ արգելվում է սիգի արդյունագործական որսը։

Արգելքի նպատակն է ապահովել սիգի բնական վերարտադրության համար անհրաժեշտ պայմանները, կանխել ձկնային պաշարների հետագա նվազումը և նպաստել Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։

Որսի կանոնների խախտման և ապօրինի որսի դեպքում նախատեսվում է օրենքով սահմանված վարչական և քրեական պատասխանատվություն։

Leave a comment