Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ

Հասարակություն

15.11.2026 | 11:36

Նոյեմբերի 14-ից Հայաստանում գործարկվել է կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի (ID քարտ) տրամադրման արագացված ծառայությունը։ Այս մասին հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը։

Նոր ծառայության շնորհիվ քաղաքացիները, որոնք փաստաթղթերը ստանալու հրատապ անհրաժեշտություն ունեն, կարող են դրանք ձեռք բերել զգալիորեն կարճ ժամկետներում։ Մասնավորապես, Երևանում կենսաչափական անձնագիր կամ ID քարտ հնարավոր կլինի ստանալ 24 ժամվա, իսկ մարզերում՝ 48 ժամվա ընթացքում։ Ընդ որում, նշված ժամկետների հաշվարկում շաբաթ և կիրակի օրերը չեն ներառվում։

Արագացված կարգով փաստաթղթեր ստանալու համար քաղաքացիները պետք է վճարեն սահմանված պետական տուրքից բացի նաև հավելավճար։

Այսպես, նույնականացման քարտի տրամադրման համար նախատեսված 5,950 դրամին կավելանա 8,000 դրամ, ինչի արդյունքում ծառայության ընդհանուր արժեքը կկազմի 13,950 դրամ։

Կենսաչափական անձնագրի դեպքում 28,650 դրամ հիմնական վճարին կավելանա 60,000 դրամ, և արագացված կարգով անձնագիր ստանալու համար քաղաքացին պետք է վճարի ընդհանուր 88,650 դրամ։

ՆԳ նախարարի խոսնակի փոխանցմամբ՝ արագացված ծառայությունից օգտվող քաղաքացիների համար նախատեսված է նաև առաջնահերթ սպասարկում։

Leave a comment