Երևանում նախատեսվում է Սուրբ Սերվատիոսին նվիրված հուշարձանի տեղադրումը․ «Նիդերլանդական Օրագիր»

Հայաստանի և Նիդերլանդների միջև պատմական ու մշակութային կապերն ունեն դարերի խորքը հասնող հետաքրքիր էջեր։ Դրանցից առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սուրբ Սերվատիոսի (Sint Servatius, Sint Servaas) անունը՝ Մաաստրիխտ քաղաքի հովանավոր սրբի, որի հայկական ծագման մասին ավանդությունը վաղուց դարձել է հայ-նիդերլանդական պատմական երկխոսության կարևոր թեման։

Այս պատմությունը նոր զարգացում է ստանում։ Երևանում նախատեսվում է կանգնեցնել Սուրբ Սերվատիոսին նվիրված հուշարձան։ Նախաձեռնությունը ներկայացված է «MASTERKANS – Maastricht, Stad voor de Pelgrim» («Մաաստրիխտ՝ ուխտավորների քաղաք») հրատարակության 147-րդ էջում՝ «St. SERVATIOS Monument – Memorial in Yerevan, Armenia» խորագրով։

Նախագծի հրապարակումը հատկապես ուշագրավ է այն առումով, որ Մաաստրիխտում պահպանվող սրբի հիշատակը կարող է իր նոր արտահայտությունը գտնել նաև Հայաստանում՝ այն երկրում, որի հետ նրա անունը կապվում է եկեղեցական ավանդությամբ։

Ո՞վ էր Սուրբ Սերվատիոսը

Սուրբ Սերվատիոսը 4-րդ դարի քրիստոնյա հոգևորական էր, որը համարվում է Մաաստրիխտի առաջին եպիսկոպոսը և քաղաքի հովանավորը։ Նա կարևոր տեղ է զբաղեցնում Նիդերլանդների հարավային Լիմբուրգի մարզի քրիստոնեական պատմության մեջ։

Ըստ ավանդության՝ Սերվատիոսը ծնվել է Հայաստանում և 4-րդ դարում քրիստոնեություն է քարոզել ներկայիս Նիդերլանդների ու Բելգիայի տարածքներում։ Նրա մահվան տարեթիվը նշվում է 384 թվականը։ Մաաստրիխտում՝ նրա գերեզմանի վրա, հետագայում կառուցվել է հայտնի Սուրբ Սերվատիոսի բազիլիկը, որտեղ պահպանվում են նաև նրա մասունքները։

Սակայն պատմական ճշգրտության համար անհրաժեշտ է նշել մի կարևոր հանգամանք։ Սերվատիոսի՝ Հայաստանում ծնված լինելու մասին տեղեկությունները պատկանում են միջնադարյան եկեղեցական ավանդությանը։ Նրա հայկական ծագման ամենավաղ հիշատակությունը վերաբերում է 11-րդ դարին և, ըստ ներկայացված պատմագիտական տեղեկությունների, հիմնվում է ավելի հին, այսօր կորած աղբյուրների վրա։ 4-րդ դարի ամենավաղ պատմական վկայությունները հաստատում են նրա եպիսկոպոսական գործունեությունը, սակայն ծննդավայրը միանշանակ չեն հաստատում։

Այս տարբերակումը չի նվազեցնում թեմայի պատմական ու մշակութային նշանակությունը։ Ընդհակառակը՝ այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել, թե ինչպես է դարերի ընթացքում ձևավորվել Հայաստանի և եվրոպական քրիստոնեական աշխարհի միջև այս յուրահատուկ կապի ընկալումը։

Հայաստանի՝ 301 թվականին քրիստոնեությունը պետական կրոն հռչակած առաջին երկրի պատմական հանգամանքը ևս կարևոր նախապատմություն է այս պատմության համար։ Էջմիածինը՝ հայ քրիստոնեական ինքնության կենտրոնը, այդ ժառանգության կարևոր խորհրդանիշներից է։

Մաաստրիխտում պահպանվող հայկական հետքը

Սուրբ Սերվատիոսի պատմությունը միայն գրքերի ու եկեղեցական ավանդությունների էջերում չէ։ Այն այսօր էլ տեսանելի է Մաաստրիխտի քաղաքային ու հոգևոր կյանքում։

2016 թվականին Մաաստրիխտի հայկական համայնքի նվերով Սուրբ Սերվատիոսի բազիլիկի հարևանությամբ տեղադրվեց հայկական խաչքար։ Այն դարձավ հայ համայնքի երախտագիտության և քաղաքի հետ բարեկամական կապերի ամրապնդման խորհրդանիշ։

Խաչքարի տեղադրումը կարևոր իրադարձություն էր ոչ միայն տեղի հայ համայնքի, այլև Հայաստանի ու Նիդերլանդների մշակութային հարաբերությունների տեսանկյունից։ Հայկական միջնադարյան արվեստի այս յուրահատուկ կոթողը եվրոպական քաղաքի կենտրոնում հիշեցնում է հայ ժողովրդի քրիստոնեական ժառանգության մասին։ Մաաստրիխտի հայկական «Անի» հիմնադրամի և Սուրբ Կարապետ հայկական առաքելական եկեղեցու գործունեության շնորհիվ Սուրբ Սերվատիոսի հիշատակի արարողություններին հայ համայնքի մասնակցությունը դարձել է տարիների ավանդույթ։ Ամեն մայիս հայերը մասնակցում են սրբի պատվին կազմակերպվող հանդիսություններին ու թափորին՝ իրենց ներկայությամբ ընդգծելով երկու ժողովուրդների հոգևոր կապը։

Առանձնահատուկ էր 2025 թվականի հունիսի 14-ը։ Մաաստրիխտում անցկացվող յոթ տարին մեկ կազմակերպվող Heiligdomsvaart ուխտագնացության շրջանակում Սուրբ Սերվատիոսի բազիլիկում մատուցվեց հայկական պատարագ։ Այն գլխավորեցին արքեպիսկոպոս Խաժակ Բարսամյանը և եպիսկոպոս Սերովպե Իսախանյանը, մասնակցեցին հայկական եկեղեցական ու համայնքային կառույցների ներկայացուցիչներ։ Այդ արարողությունը դարձավ հայկական եկեղեցական ավանդույթի ներկայության և արևմտյան քրիստոնեական աշխարհի հետ հոգևոր երկխոսության նշանակալի դրսևորում։

Իսկ 2026 թվականի սեպտեմբերի 21-ին Մաաստրիխտի Սուրբ Սերվատիոսի բազիլիկի զանգակային կարիլիոնից հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը՝ ի պատիվ Հայաստանի անկախության 35-ամյակի։ Խաչքարի շրջակայքն էլ զարդարվեց Հայաստանի եռագույնի գույներով։ Սա ևս մեկ խորհրդանշական դրվագ էր, երբ Մաաստրիխտի պատմական հոգևոր կենտրոնը իր ձայնը միացրեց Հայաստանի տոնին։

Նոր նախաձեռնություն․ Սուրբ Սերվատիոսի հուշարձանը Երևանում

«MASTERKANS – Maastricht, Stad voor de Pelgrim» հրատարակության 147-րդ էջում ներկայացված նախագծի համաձայն՝ National Center Development Foundation (NCDF) հիմնադրամը նախաձեռնել է Երևանում Սուրբ Սերվատիոսին նվիրված հուշարձանի ստեղծման և տեղադրման ծրագիր։

Նախագծի հեղինակների մտահղացմամբ՝ հուշարձանը պետք է ընդգծի Հայաստանի և Նիդերլանդների պատմական կապը, վերարժևորի հայկական ժառանգությունը և դառնա եվրոպական միասնության խորհրդանիշ։

Հրապարակված նախագծային տվյալների համաձայն՝ Հուշարձանի չափերը մինչև 2,5 մետր բարձրություն և 2 մետր լայնություն՝ առանց պատվանդանի։ Նյութերը՝ բրոնզե քանդակ և քարե պատվանդան։ Նախատեսվող բացումը՝ 2027 թվականի մայիսի 13-ին՝ Սուրբ Սերվատիոսի հիշատակի օրը։

Հուշարձանի տեղադրման համար Երևանում դիտարկվում են գործող զբոսայգիներ, որոնք վերանորոգման կարիք ունեն։ Որպես հնարավոր վայրեր նշվում են Շահումյանի անվան այգին և Մանկական այգու մի հատվածը։ Միաժամանակ Երևանի քաղաքային իշխանություններին վերապահվում է այլընտրանքային տարածքներ առաջարկելու հնարավորությունը։

Այսպիսով, վերջնական տեղադրության հարցը դեռ քննարկման ենթակա է։

Նախաձեռնության հեղինակների պատկերացմամբ՝ հուշարձանը պետք է դառնա ոչ միայն առանձին պատմական անձի հիշատակը հավերժացնող կոթող, այլև երկու երկրների ժողովուրդների բարեկամության, մշակութային երկխոսության և ընդհանուր եվրոպական արժեքների խորհրդանիշ։

«Նիդերլանդական Օրագրի» հետևողական անդրադարձները

Սուրբ Սերվատիոսի թեման նորություն չէ «Նիդերլանդական Օրագրի» ընթերցողների համար։ Մեր պարբերականը տարիներ շարունակ անդրադարձել է այս պատմական կերպարին, նրա հայկական ծագման ավանդությանը, Մաաստրիխտի բազիլիկին, մասունքներին և տեղի հայկական համայնքի մասնակցությանը սրբի հիշատակի միջոցառումներին։

Դեռևս 2021 թվականի փետրվարին հրապարակել էինք Սուրբ Սերվատիոսի մասին կարճ անիմացիոն ֆիլմ՝ ներկայացնելով 4-րդ դարի հոգևորականի գործունեությունը և նրա կապը Նիդերլանդների, Բելգիայի ու Գերմանիայի պատմության հետ։

2024 թվականին անդրադարձել էինք Մաաստրիխտի Սուրբ Սերվատիոսի եկեղեցում հայկական «Հայր մեր»-ի հնչելուն և հայ համայնքի՝ սրբավայրի հոգևոր կյանքում ունեցած առանձնահատուկ ներկայությանը։

2025 թվականի իրադարձությունները ևս մեր ուշադրության կենտրոնում էին՝ հատկապես հայկական պատարագը, որը տեղի ունեցավ Սուրբ Սերվատիոսի բազիլիկում։

2026 թվականի մայիսին ընթերցողներին ներկայացրինք Մաաստրիխտում Սուրբ Սերվատիոսի հիշատակին նվիրված ամենամյա տոնակատարությունները, հայ համայնքի մասնակցությունն ու ավանդույթները։ Իսկ սեպտեմբերին անդրադարձանք Հայաստանի անկախության 35-ամյակի առթիվ բազիլիկի զանգերից հնչած հայկական օրհներգին։

Այս հրապարակումները մեկ ամբողջական պատմության մաս են։ Դրանց միջոցով մենք փորձել ենք ընթերցողին ցույց տալ, որ Նիդերլանդների պատմության մեջ հայկական հետքը միայն անցյալի հիշողություն չէ․ այն շարունակվում է նաև մեր օրերում՝ մարդկանց, համայնքային նախաձեռնությունների, մշակութային արժեքների և հոգևոր ավանդույթների միջոցով։
Պատմական հիշողությունից դեպի ապագա

Երևանում Սուրբ Սերվատիոսի հուշարձանի նախաձեռնությունը կարող է դառնալ այս երկարատև պատմության նոր ու կարևոր հանգրվանը։

Մաաստրիխտում հայկական խաչքարն արդեն կանգնած է որպես Հայաստանի ներկայության խորհրդանիշ։ Սուրբ Սերվատիոսի հիշատակին մատուցվող հայկական պատարագը, ամենամյա ուխտագնացությանը հայերի մասնակցությունը, Հայաստանի անկախության օրվա առթիվ հնչող հայկական օրհներգը ցույց են տալիս, որ այդ կապը կենդանի է։

Եթե Երևանի նախագիծն իրագործվի, ապա խորհրդանշական կամուրջը կստանա նաև հակառակ ուղղությունը․ Մաաստրիխտում պահվող սրբի հիշատակը կարժևորվի նաև Հայաստանում։

Սա կարևոր ուղերձ կարող է լինել ոչ միայն հայ և նիդերլանդացի ժողովուրդների, այլև եվրոպական մշակութային երկխոսության համար։ Պատմությունը երբեմն միավորում է ժողովուրդներին ոչ թե քաղաքական սահմաններով, այլ ընդհանուր հիշողությամբ, հավատքով, մշակույթով և փոխադարձ հարգանքով։

2027 թվականի մայիսի 13-ը դեռ առջևում է։ Մնում է հետևել նախաձեռնության իրականացման ընթացքին, Երևանի քաղաքային իշխանությունների որոշումներին և հուշարձանի վերջնական տեղադրության հաստատմանը։

«Նիդերլանդական Օրագիրը» շարունակելու է հետևել այս նախաձեռնությանը՝ ընթերցողներին ներկայացնելով Հայաստանի և Նիդերլանդների պատմական կապի նոր զարգացումները։

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Եթե Մաաստրիխտում Սուրբ Սերվատիոսի հիշատակի վերակենդանացման և պահպանման գործում մեծ դեր է ունեցել տեղի հայ համայնքը։ Նրա նախաձեռնությունների շնորհիվ հայազգի համարվող սրբի անունը ոչ միայն պահպանվել է, այլև դարձել է հայ-հոլանդական բարեկամության կենդանի խորհրդանիշ։ Ապա Եվրոպայի տարբեր քաղաքներում, որտեղ չկա ներկա գործող հայ համայնք, պատկերն այլ է: Այն վայրերում, որտեղ այսօր հայկական համայնքներ չկան կամ դրանք փոքրաթիվ են, հայկական ծագում ունեցող պատմական անձանց ու սրբերի հիշատակն աստիճանաբար կարող է դուրս մնալ հանրային ուշադրությունից։

Քրիստոնեության տարածման վաղ շրջանում Հայաստանից բազմաթիվ հոգևորականներ և քարոզիչներ մեկնել են աշխարհի տարբեր երկրներ՝ տարածելու նոր հավատքը։ Դա պատահական չէր։ Հայաստանը 301 թվականին քրիստոնեությունը հռչակել էր պետական կրոն՝ դառնալով աշխարհում առաջին քրիստոնեությունը պետականորեն ընդունած երկիրը։

Այդ պատմական համատեքստում արժե ուշադրություն դարձնել նաև Իտալիայի Անկոնա քաղաքին։ Այստեղ է գտնվում Սուրբ Կիրակոսին (San Ciriaco) նվիրված նշանավոր տաճարը։ Ըստ ավանդության՝ Կիրակոսը ևս արևելքից եկած քրիստոնյա սուրբ է։ Նրա հնարավոր հայկական ծագման վարկածը հետաքրքիր ուսումնասիրության նյութ է։ Նրա անվան հայկական՝ Կիրակոս ձևի և արևմտյան Ciriaco անվան նմանությունը ևս հարցեր է առաջադրում։

«Նիդերլանդական Օրագիրը» 2026 թվականի մայիսին արդեն անդրադարձել է Անկոնայի այս պատմական կերպարին՝ ներկայացնելով քաղաքի սրբի հայկական հնարավոր արմատների հարցը։ Ցավոք, Անկոնայում այսօր հայկական համայնք գրեթե չկա, որը կարող էր հետևողականորեն զբաղվել այդ պատմական կապի ուսումնասիրությամբ և հանրահռչակմամբ։

Հայկական պատմական ներկայությունը Եվրոպայում, ցավոք միայն այնտեղ չէ, որտեղ այսօր հայ համայնք կա։ Մեր պատմությունը տարածվել է համայնքների ներկայիս սահմաններից շատ ավելի հեռու։ Հետևաբար այդ հետքերը բացահայտելը, ուսումնասիրելը և պահպանելը միայն տվյալ քաղաքի հայերի կամ տեղական կազմակերպությունների պարտականությունը չէ։

Մեր պատմական հիշողությունը չպետք է սահմանափակվի միայն այն վայրերով, որտեղ այսօր հայեր են ապրում։ Այն պետք է հասնի նաև այնտեղ, որտեղ ժամանակի ընթացքում հայի հետքը մարել է, բայց պատմության մեջ դեռ պահպանվել է։

Սա է այն աշխատանքը, որին կարող է և պետք է նպաստի հայկական մամուլը, պատմաբանների, եկեղեցական կառույցների ու սփյուռքի կազմակերպությունների համագործակցությամբ։

Ա. ԿՆԻԱԶՅԱՆ

«Նիդերլանդական Օրագիր»

Լուսանկարներում Սուրբ Սերվատիուսի քանդակ-պատկերները
Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու մի խումբ հայ անդամներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment