Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին և գլխավորել մրցաշարային աղյուսակը Բուդապեշտում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Total Chess World Championship Tour Pilot 2026 շախմատային մրցաշարի խմբային փուլում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը փայլուն հաղթանակ է տարել աշխարհի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Մագնուս Կարլսենի նկատմամբ։

Հայկը հաղթել է առաջին պարտիայում, իսկ երկրորդում գրանցվել է ոչ-ոքի, ինչի արդյունքում հայ գրոսմայստերը առավելության է հասել 1.5։0.5 հաշվով։ Վեց պարտիայից հետո Հայկ Մարտիրոսյանը միանձնյա գլխավորում է Գ խմբի մրցաշարային աղյուսակը։ Հավելենք, որ այս խմբում նրա մրցակիցներն են նաև Յան Նեպոմնյաշչին, Անիշ Գիրին, Շախրիար Մամեդյարովը և Աբհիմանյու Միշրան։

Մրցաշարում հաջող է հանդես գալիս նաև ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով Ա խմբի շրջանակում 1։1 հաշվով է ավարտել հանդիպումը Լեհաստանը ներկայացնող Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ (երկու պարտիաներն էլ ավարտվել են ոչ-ոքի)։ Ա խմբում վեց պարտիայից հետո առաջատարը Ալիռեզա Ֆիրուզջան է։

Արդեն այսօր՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի ժամանակով 18։00-ին, կմեկնարկի յոթերորդ պարտիան։ Այս փուլում Հայկ Մարտիրոսյանը կմրցի Յան Նեպոմնյաշչիի, իսկ Լևոն Արոնյանը՝ Նոդիրբեկ Աբդուսատորովի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment