Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը ռազմական տեսանկյունից փաստացի ավարտված է ԱՄՆ-ի հաղթանակով։
Սակայն նա նման հայտարարություն է արել այն պարագայում, երբ ամերիկացի հարկատուները վճարում են միլիարդավոր դոլարներ կազմող այն ծախսերը, որոնք անհրաժեշտ են արտերկրում տեղակայված ամերիկյան զորքերը մշտական պատրաստ վիճակում պահելու համար։ Չնայած Թրամփի խոսքերին՝ ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում Իրանի հետ կապված հակամարտության վրա։
«The Hill» պարբերականը, հղում է անելով Կոնգրեսի բյուջետային վարչությանը, գրել է, որ հոկտեմբերի 16-ի դրությամբ հակամարտության վրա ԱՄՆ-ի կատարած ընդհանուր ծախսերը գնահատվել են 47,1 միլիարդ դոլար։
Ըստ CBO-ի գնահատականների՝ հակամարտության սկզբից՝ փետրվարի 28-ից մինչև օգոստոսի սկիզբն ընկած ժամանակահատվածում ծախսերը կազմել են 38 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ հաջորդ երեք ամիսների ընթացքում ընդհանուր գումարին ավելացել է մոտ 9 միլիարդ դոլար։ Զեկույցի համաձայն՝ այդ ընթացքում ամերիկյան ուժերն իրականացրել են ընդամենը մի քանի պաշտպանական հարված իրանական թիրախների ուղղությամբ։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) Մերձավոր Արևելքի ծրագրի տնօրեն Մոնա Յակուբյանը ներկայիս ծախսերը գնահատում է ամսական 2–3 միլիարդ դոլար։ Նա նշել է, որ պատերազմի ընդհանուր արժեքը մոտենում է 50 միլիարդ դոլարի և կարող է էլ ավելի աճել, եթե ռազմական գործողությունները սրվեն։ Յակուբյանի խոսքով՝ ծախսերի հիմնական պատճառը Հորմուզի նեղուցում Իրանի նկատմամբ ռազմածովային շրջափակման պահպանումն է։ Ըստ «The Hill»-ի՝ այս գործողությունը շարունակվում է արդեն ավելի քան 100 օր և ներառում է ռազմածովային նավերի տեղակայում, նավերի կալանում, դաշնակիցների նավերի պաշտպանություն, նաև ամերիկյան ուժերի ապահովում վառելիքով, սննդամթերքով և այլ անհրաժեշտ պաշարներով։