Տեղեկացրել ենք, որ դատախազությունը միջնորդել է անձեռնմխելիությունից զրկել դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու նպատակով․ գործընթացի հիմքում պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններն են։
Մասիս Մելքոնյանը, հիշեցնենք, հայտնի է քաղաքական հետապնդումների ենթարկված բազմաթիվ անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումներ ընդունելով։
Նրա որոշմամբ են կալանավորվել բարձրաստիճան հոգևորականներ, 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների ծնողներ ու հարազատներ, ակտիվիստներ, քաղաքական գործիչներ։
Փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավոր Մասիս Մելքոնյանին անձեռնմխելիությունից զրկելուն անդրադառնալով՝ հատկանշական փաստ է նշել։
«Դատավոր Մասիս Մելքոնյանը ազատազրկման դատապարտեց հերոս Մխիթարի հայր Գարիկ Գալեյանին: Դատապարտեց առավելագույն ազատազրկման այն դեպքում, երբ քրեական օրենսգրքով այդպիսի պատիժ նշանակվել չէր կարող:
Մասիս Մելքոնյանը առերևույթ հանցանք էր կատարել, բայց ԲԴԽ-ն անգամ կարգապահական խախտում չարձանագրեց:
Մասիս Մելքոնյանն այդ ժամանակ իրենց պետք էր: Այսօր ԲԴԽ-ն այլ կարծիքի է: Մասիս Մելքոնյանն այլևս պետք չէ:
Նույնը սպասվում է բոլոր մասիսմելքոնյաններին»,- ընդգծել է Հովհաննիսյանը: