Պակիստանը կարող է դառնալ աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը մինչև 2050-ը. Շարիֆ

Պակիստանը կարող է դառնալ աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը մինչև 2050 թվականը՝ 25 տարի ավելի շուտ, քան կանխատեսել էր ամերիկյան «Goldman Sachs» ներդրումային բանկը։

Վարչապետ Շեհբազ Շարիֆն այս մասին հայտարարել է նոյեմբերի 13-ին Իսլամաբադում կայացած «Պակիստանի հանքանյութերի ոլորտում ներդրումների ֆորում 2026» միջոցառման ժամանակ։

«Ըստ «Goldman Sachs»-ի գնահատականների՝ մինչև 2075 թվականը Պակիստանը կդառնա աշխարհի վեցերորդ խոշորագույն տնտեսությունը։ Սակայն ես կցանկանայի մի փոքր ուղղում մտցնել. 2075-ի փոխարեն դա տեղի կունենա՝ Աստծո կամոք, մինչև 2050 թվականը», – հայտարարել է վարչապետը։

Շարիֆը նկատի է ունեցել «Goldman Sachs» ֆինանսական կազմակերպության կողմից 2022 թվականի դեկտեմբերին հրապարակված «Ճանապարհ դեպի 2075» խորագրով զեկույցը։ Այդ ուսումնասիրության մեջ վերլուծաբաններ Քեւին Դեյլին ու Տադաս Գեդմինասը գնահատել են 104 պետությունների երկարաժամկետ տնտեսական հեռանկարները։

Ըստ նրանց կանխատեսումների՝ բնակչության սպասվող աճի շնորհիվ Պակիստանը, Նիգերիան և Եգիպտոսը մինչև 2075 թվականը կարող են հայտնվել աշխարհի խոշորագույն տնտեսությունների շարքում։ Այնուամենայնիվ, այս ներուժի իրացումը պահանջում է արդյունավետ պետական ինստիտուտներ և տնտեսական հիմնավոր քաղաքականություն։

Վարչապետ Շարիֆը Պակիստանի տնտեսական զարգացման արագացումը կապում է առաջին հերթին հանքային պաշարների շահագործման և օտարերկրյա ներդրումների ներգրավման հետ։

Նա կոչ է արել օտարերկրյա ընկերություններին չսահմանափակվել միայն օգտակար հանածոների արդյունահանմամբ, այլ Պակիստանում հիմնել ձեռնարկություններ՝ այդ հումքը վերամշակելու և պատրաստի արտադրանք թողարկելու համար։ «Արդյունահանե՛ք Պակիստանում, վերամշակե՛ք Պակիստանում, արտադրե՛ք Պակիստանում, իսկ այնուհետև արտահանե՛ք աշխարհի այլ երկրներ»․ այսպես նա ձևակերպեց ներդրողների հետ համագործակցության հիմնական սկզբունքը։

 

Ըստ կառավարության ղեկավարի՝ երկիրը մտադիր է զարգացնել նավթավերամշակման արդյունաբերությունը, կառուցել մետաղաձուլական գործարաններ, ինչպես նաև ընդլայնել մալուխների և հաղորդալարերի արտադրությունը։

Leave a comment