ԱՄՆ-ում դեմոկրատ սենատորները պահանջել են SpaceX-ի գլխավոր գործադիր տնօրեն Իլոն Մասկից պահպանել Ուկրաինայում Starlink և Starshield արբանյակային ծառայությունների գործունեության նկատմամբ կիրառված սահմանափակումներին առնչվող բոլոր փաստաթղթերը։ Այս մասին հայտնում է «The Wall Street Journal»-ը՝ հղում կատարելով Մասկին ուղղված նամակին։
Հրապարակման մեջ նշվում է, որ Կոնգրեսի ընտրություններից հետո Դեմոկրատական կուսակցությունը նախատեսում է հետաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես է Սպիտակ տունը արձագանքել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին։ Սենատորներ Ջին Շահինի և Քրիս Կունսի հեղինակած նամակում հիշատակվում են հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին տեղի ունեցած ծառայությունների խափանումների մասին։
«Հոկտեմբերին և նոյեմբերին կիրառված սահմանափակումները մտահոգիչ հավանականություն են ստեղծում, որ այդ խոցելիությունները շարունակում են առկա լինել նույնիսկ այն համակարգերում, որոնցից օգտվում է ԱՄՆ կառավարությունը», — ասվում է փաստաթղթում։
Նամակում սենատորները նշում են, որ Ուկրաինայում արբանյակային ծառայությունների սահմանափակումները «լուրջ հարցեր են առաջացնում այն վերահսկողության վերաբերյալ, որն ունի SpaceX-ը» ազգային անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող կապուղիների նկատմամբ։ Նրանք նաև քննադատել են թափանցիկության պակասը՝ կապված նման որոշումների կայացման գործընթացի հետ։
Այս կապակցությամբ դեմոկրատները պահանջում են տրամադրել SpaceX-ի՝ սեպտեմբերի 1-ից սկսած ժամանակահատվածին վերաբերող զգալի ծավալի փաստաթղթեր։ Դրանք, մասնավորապես, ներառում են Ուկրաինայում Starlink-ի և Starshield-ի օգտագործմանն առնչվող բոլոր հաղորդակցությունները, ինչպես նաև նամակագրությունը Մասկի, SpaceX-ի ղեկավարության, Սպիտակ տան և Պենտագոնի միջև։