Արցախցիների իրավունքները կարող են մնալ քաղաքական պայմանավորվածության ստվերում․ Սահակյան

«Երկու երկրների միջև համաձայնագիրը բռնի տեղահանման հետևանքներին վերաբերող որևէ դրույթ չի պարունակում, իսկ քաղաքական պայմանավորվածությունների ստվերում տուժածների իրավունքները կարող են մղվել երկրորդ պլան։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակում հումանիտար հետևանքների քննարկումից անցում է կատարվում զուտ քաղաքական օրակարգի։ Դա լուրջ վտանգ է ստեղծում, որ տուժած անձանց իրավունքները կարող են դառնալ պետությունների միջև սակարկությունների առարկա»,– նշել է Սահակյանը։

Իրավապաշտպանը շեշտել է, որ հարաբերությունների կարգավորումը չպետք է իրականացվի մարդու իրավունքների և միջազգային արդարադատության հաշվին։

Ըստ նրա` միջպետական դատական գործընթացներից պետությունների հրաժարումը կարող է տուժած հայերին զրկել Ադրբեջանի հանցագործություններին վերաբերող գործերով լիարժեք միջազգային արդարադատության հասնելու հնարավորությունից։

Սահակյանի խոսքով՝ երբ պետությունները հրաժարվում են դատական գործընթացներից, այդ որոշման ծանր հետևանքներն առաջին հերթին կրում են տուժածները։ Հատկապես կարևոր են ՄԱԿ-ի՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիային առնչվող միջպետական գործերը։

«Դրանք հնարավորություն են տալիս խախտումները, այդ թվում՝ անհանդուրժողականության դրսևորումներն ու հայերի դեմ ուղղված հանցագործությունները, դիտարկել ավելի լայն համատեքստում։ Պետությունների միջև քաղաքական պայմանավորվածությունները կարող են տուժածներին զրկել պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից»,– ընդգծել է նա։

Սահակյանն անդրադարձել է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում հայերի նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպքերին։ Նա տեղեկացրել է, որ իրավապաշտպանները վարում են շուրջ 300 գործ՝ կապված ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների և սեփականության իրավունքի խախտումների հետ։

Իրավապաշտպանի խոսքով՝ այս դատավարությունները չափազանց կարևոր են հանցագործությունները փաստագրելու և տուժածների իրավունքները պաշտպանելու համար։

Անդրադառնալով միջպետական գանգատների հետկանչմանը՝ Սահակյանն ընդգծել է, որ կցանկանար տեսնել դատարանների արձագանքը նման որոշումներին։ Նրա խոսքով՝ նման հարցերի հետագա քննությունը դատական մարմինների իրավասության շրջանակում է։

Leave a comment