Փաշինյանը՝ Դուբլինում․ 20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրամիության կազմում (PAN.am)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուբլինում Միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում (IIEA) կազմակերպված քննարկման ժամանակ, ներկայացնելով երկրի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, հայտարարել է, որ 20 տարուց Հայաստանը տեսնում է Եվրամիության կազմում:

«Հայաստանը ես տեսնում եմ Եվրոպական միության կազմում»,-ասել է Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսին է պատկերացնում Հայաստանը 20 տարի անց, հայտնում է 1lurer.am-ը:

Վարչապետն անդրադարձել է նաև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատման հեռանկարներին, ինչպես նաև Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցության իր տեսլականին։

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից՝ վարչապետը նշել է, որ երկու երկրները մոտ են դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն ու սահմանների լիարժեք բացմանը։ Նա հիշեցրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ օրեր առաջ ունեցած հանդիպումը՝ այն գնահատելով դրական։

«Երկու օր առաջ ես շատ դրական հանդիպում ունեցա նախագահ Էրդողանի հետ, և երկուստեք արձանագրեցինք, որ առաջընթաց ունենք և շատ մոտ ենք վերջին քայլին՝ այն է՝ հաստատելու դիվանագիտական հարաբերություններ և լիարժեք բացելու սահմանները»,- հայտարարել է Փաշինյանը։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման թեմային անդրադառնալով՝ վարչապետը շեշտել է, որ երկու պետությունների համար ստեղծվել է պատմական հնարավորություն՝ հասնելու վերջնական, հուսալի և երկարատև խաղաղության։ Փաշինյանի գնահատմամբ՝ նման հնարավորություն բաց թողնելը աններելի կլիներ:

«Այժմ մենք շատ իրատեսական և պատմական շանս ունենք հաստատելու հարատև, վերջնական, մնայուն, տևական, հուսալի խաղաղություն, և աններելի կլիներ չօգտագործել այդ հնարավորությունը։ Եվ դա իմ անձնական առաքելությունն է և մեր կառավարության առաքելությունը՝ օգտագործել այս պատմական հնարավորությունը»,- ասել է նա։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանն առնչվող հարցեր։ Մասնավորապես, պատասխանելով քննարկումը վարողի հարցին՝ արդյոք Երևանը վերանայում է իր արտաքին քաղաքական ուղղությունը, Փաշինյանը պարզաբանել է, որ Երևանը չի ձգտում հեռանալ մի գործընկերոջից՝ մյուսի հետ մերձենալու համար։

«Հայաստանը այնտեղ է, որտեղ եղել է և կա․ Հայաստանը լինելու է այդտեղ, իր տեղում… Մենք չենք ուզում հեռանալ որևէ գործընկերներից և ավելի մոտ լինել այլ գործընկերների․ ընդամենը իրականացնում ենք, իրագործում ենք մեր հավասարակշռված և հավասարակշռող արտաքին քաղաքականությունը»,- ընդգծել է վարչապետը։

Նա այս համատեքստում անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ նշելով, որ դրա իրագործման արդյունքում ոչ միայն Հայաստանը, այլև ամբողջ Հարավային Կովկասը կարող է վերածվել խաղաղության և տրանսպորտային հաղորդակցությունների խաչմերուկի։

Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ շատ վտանգավոր է համարում Եվրամիությանն անդամակցելու դրույթը Հայաստանի Սահմանադրությունում ամրագրելու հնարավորությունը։ Նա պնդել է, որ այդ քաղաքականության վտանգների մասին դեռ պաշտոնավարման ընթացքում զգուշացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարության մյուս անդամներին։

«Ես փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք», -ասել է նա:

Leave a comment