Չինաստանը և ԱՄՆ-ն անցկացրել են իրենց համատեղ առևտրային խորհրդի առաջին նիստը

Չինաստանի և Միացյալ Նահանգների իշխանությունները տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացրել են իրենց համատեղ առևտրային խորհրդի առաջին նիստը, հայտնել է Չինաստանի առևտրի նախարարությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին չին-ամերիկյան առևտրատնտեսական խորհրդակցությունների շրջանակում։ «Առաջնորդվելով Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված կարևոր պայմանավորվածություններով՝ կողմերը անկեղծ, խորը և կառուցողական մտքերի փոխանակում են ունեցել», — նշել է առևտրի նախարարությունը։

Հանդիպման առանցքում մաքսային սակագներն են եղել։ Մասնավորապես, կողմերը քննարկել են 30 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքների նկատմամբ մաքսատուրքերի փոխադարձ նվազեցման հեռանկարները։ Քննարկվել են նաև գյուղատնտեսական արտադրանքի առևտրին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին առնչվող թեմաներ։

«Կողմերը մտադիր են շարունակել ամրապնդել համագործակցությունը առևտրային խորհրդի շրջանակում, նպաստել առևտրատնտեսական խնդիրների լուծմանը, հետևողականորեն ընդլայնել համագործակցության շրջանակը և կրճատել առկա խնդիրների ցանկը։ Նրանք նպատակ ունեն նպաստել չին-ամերիկյան կառուցողական, ռազմավարական և կայուն հարաբերությունների կառուցմանը, որոնք հիմնված կլինեն հարգանքի, արդարության և փոխադարձության վրա», — հավելել է նախարարությունը։

 

 

Leave a comment