Թուրքական իրավապաշտպան խումբը դատապարտել է երեք անձանց ձերբակալությունը, որոնց մեղադրում են ադրբեջանական դպրոցներում գլխաշոր կրելու սահմանափակումների դեմ բողոքի ցույցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին վիրավորելու մեջ՝ ոստիկանության գործողություններն անվանելով անօրինական, գրում է Turkish Minute-ը։
«Ճնշվածների իրավունքների և համերաշխության միությունը» (MAZLUMDER) հինգշաբթի օրը հայտարարել է, որ իր՝ Մարդու իրավունքների խախտումների հանձնաժողովի անդամներ Յաղմուր Քարագյոզը և Էմինե Շիլեքը, ինչպես նաև Բուսե Նուր Յաշթաշը ձերբակալվել են նոյեմբերի 8-ին Ստամբուլի Սարաչհանե թաղամասում տեղի ունեցած ցույցի ժամանակ ցուցադրված պաստառի պատճառով։
Երեքն էլ հարցաքննությունից հետո ազատ են արձակվել։ Կազմակերպության փոխանցմամբ՝ ձերբակալվածներին թույլ չեն տվել կալանքի տակ գտնվելու ժամանակ հանդիպել փաստաբանների հետ։
MAZLUMDER-ը կասկածի տակ է դրել ձերբակալությունների իրավական հիմքերը՝ պնդելով, որ ենթադրյալ իրավախախտման համար անհրաժեշտ էր բողոք ներկայացնել, իսկ այդ արարքի դեպքում գործում էր օրենքով սահմանված ընթացակարգ, որը կասկածյալներին հնարավորություն էր տալիս խուսափել դատական քննությունից՝ պետությանը սահմանված գումար վճարելու միջոցով։
Կազմակերպության հավելմամբ՝ Սարաչհանեի դեպքի առնչությամբ որևէ բողոք ներկայացված չի եղել, ուստի, իր գնահատմամբ, նույնիսկ հետաքննություն սկսելը իրավաչափ չէր։
«Թուրքիայի դատական մարմինները չեն կարող վերածվել մեկ այլ պետությանն ուղղված արձագանքները լռեցնելու գործիքի», — հայտարարել է խումբը իշխանություններին մեղադրելով Ադրբեջանի առարկություններին ի պատասխան քաղաքացիներին ահաբեկելու մեջ։
Ձերբակալությունները հաջորդել են նմանատիպ գործողությանը, որի թիրախում էին հայտնվել իսլամիստական Köklü Değişim լրատվամիջոցի երկու ներկայացուցիչներ՝ սահմանափակումների հասցեին հնչեցրած քննադատության պատճառով։
Լրատվամիջոցի՝ Ստամբուլի ներկայացուցիչ Մուհամմեդ Էմին Յըլդըրըմը ձերբակալվել էր հոկտեմբերի վերջին և հարցաքննվել օտարերկրյա պետության ղեկավարին վիրավորելու կասկածանքով։ Սոցցանցերում նա Ալիևին անվանել էր «բռնակալ», իսկ բողոքի ցույցի ժամանակ՝ «բռնապետ»։ Լրատվամիջոցի՝ Հաթայի ներկայացուցիչ Ահմեթ Սափան հաջորդ օրը ձերբակալվել էր իր տանը՝ սոցցանցերում կատարած հրապարակումների պատճառով։
Վեճը ծագել էր այն բանից հետո, երբ Ադրբեջանը սեպտեմբերի 21-ին փոփոխություններ էր կատարել դպրոցական համազգեստի կանոններում՝ արգելելով այնպիսի հագուստ կրելը, որը համարվում է անհամատեղելի սահմանված համազգեստի կամ կրթության աշխարհիկ սկզբունքների հետ։ Թեև կանոններում գլխաշորերի մասին ուղղակիորեն չի նշվում, որոշ դպրոցներ դրանք օգտագործել են գլխաշոր կրող աղջիկներին դպրոց մուտք գործել թույլ չտալու համար։ Սահմանափակումներ են կիրառվել նաև ուսուցիչների նկատմամբ։
Թուրք քաղաքական գործիչների և կրոնական գործիչների քննադատությունը Բաքվից կոշտ արձագանքի է արժանացել։ Ադրբեջանի իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցությունը թուրք քաղաքական գործիչներին մեղադրել է երկրի ներքին գործերին միջամտելու մեջ, մինչդեռ Ադրբեջանի իշխանություններն արգելել են 31 Թուրքիայի քաղաքացու մուտքը երկիր և յոթ Թուրքիայի քաղաքացու նկատմամբ ձերբակալության օրդերներ են արձակել՝ սոցցանցերում հրապարակումների և բողոքի ցույցերի ժամանակ հնչեցրած ելույթների պատճառով։
Middle East Eye-ը հոկտեմբերին հայտնել էր, որ Բաքուն Անկարայից պահանջել է պաշտոնանկ անել նախագահի գլխավոր խորհրդական Օքթայ Սարալին, քրեական պատասխանատվության ենթարկել Ալիևին վիրավորելու մեջ մեղադրվող մեկնաբաններին և արգելափակել Ադրբեջանի պաշտոնյաների կողմից մատնանշված սոցցանցային օգտահաշիվները։
Սարալը, որը գլխաշոր կրելու սահմանափակումներն անընդունելի էր անվանել և կոչ արել վերացնել դրանք, հոկտեմբերի 26-ին հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է իրեն հեռանալ պաշտոնից։
Նոյեմբերի 8-ին Էրդողանի՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում նա և Ալիևը հայտարարել են, որ հավատարիմ են մնում իրենց դաշինքին՝ շաբաթներ տևած լարվածությունից հետո հանդես գալով միասնական դիրքորոշմամբ։ Այնուհետև Ալիևը մասնակցել է նոյեմբերի 11-ին Անթալիայում կայացած COP31-ի՝ կլիմայական հարցերով առաջնորդների գագաթնաժողովին։
Երկու երկրները պահպանում են սերտ քաղաքական, ռազմական և տնտեսական կապեր՝ ավանդաբար իրենց հարաբերությունները բնութագրելով «մեկ ազգ, երկու պետություն» բանաձևով։
Թարգմանությունը՝Էմմա Չոբանյանի