Ամերիկացի հանրահայտ սեւամորթ հասարակական գործիչ Մարտին Լյութեր Քինգ Կրտսերի «Ես երազանք ունեմ» ճառի՝ հայտնի միակ ձեռագիր տարբերակը կհանվի աճուրդի Նյու Յորքում։
Ինչպես հայտնել է Christie’s աճուրդի տունը, 2027 թվականի հունվարի 22-ին Նյու Յորքի աճուրդում այն կներկայացնի Մարտին Լյութեր Քինգի «Ես երազանք ունեմ» ճառի միակ ձեռագիր տարբերակը, որը նա արտասանել էր 250,000 մարդուց բաղկացած բազմության առջև։
«Երբ առաջին անգամ տեսա այս էջերը և հասկացա, թե ինչի եմ նայում, ապշեցի»,- ասել է Christie’s-ի ձեռագրերի գծով մասնագետ Փիթեր Կլարնետը։
Նրա խոսքով՝ փաստաթուղթը հսկայական պատմական նշանակություն ունի և թույլ է տալիս պատկերացում կազմել մի պահի մասին, որն, ըստ էության, փոխել է ազգի պատմության ընթացքը։
Ճառը զբաղեցնում է յոթ էջ։ Այնտեղ առկա են խմբագրումներ և ջնջված արտահայտություններ։ Քինգն այն գրել է կապույտ թանաքով՝ «Ուիլարդ» հյուրանոցի իր համարում՝ ելույթից ընդամենը մի քանի ժամ առաջ։
Ձեռագիրը 1990-ականների վերջին հայտնաբերել է Քսերնոնա Քլեյթոնը՝ Քինգի օգնական Էդվարդ Թ. Քլեյթոնի կինը, իր ամուսնու թղթերի մեջ՝ գրասեղանի դարակում։ Փաստաթուղթը պահվել էր «Ճառ» մակագրությամբ ծրարի մեջ։ Թեև նա այն ժամանակ գիտակցել էր դրա պատմական արժեքը, սակայն չէր իմացել, որ դա ելույթի՝ պահպանված միակ ձեռագիր վերջնական տարբերակն է եղել։ 2024 թվականին նա համագործակցել էր Christie’s-ի փորձագետների հետ՝ հաստատելու դրա իսկությունը և եզակի կարգավիճակը։
Սկզբնական տարբերակը չի պարունակում «Ես երազանք ունեմ» հայտնի արտահայտությունը։ Քինգն այդ բառերն ասել է ինքնաբուխ կերպով՝ Վաշինգտոնի երթի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում։
Աճուրդի տան տվյալներով՝ վաճառքից ստացված հասույթը կփոխանցվի մի շարք բարեգործական կազմակերպությունների։ Ակնկալվում է, որ ձեռագիրը կվաճառվի ավելի քան 10 միլիոն դոլարով։ Աճուրդից առաջ այն առաջին անգամ կներկայացվի հանրությանը Ատլանտայի Քաղաքացիական և մարդու իրավունքների ազգային կենտրոնում՝ նոյեմբերի 16-ից 22-ը, իսկ այնուհետև՝ Նյու Յորքում Christie’s աճուրդի տանը հունվարի 15-ից (Քինգի ծննդյան օրը) մինչև հունվարի 21-ը։
Մարտին Լյութեր Քինգ կրտսերը (1929–1968) Միացյալ Նահանգներում աֆրոամերիկացիների քաղաքացիական իրավունքների շարժման ամենանշանավոր առաջնորդներից է եղել։ 1963 թվականի օգոստոսի 28-ին Վաշինգտոնում տեղի ունեցած «Աշխատանքի և ազատության համար» երթի ժամանակ նա Լինքոլնի հուշահամալիրի մոտ հանդես էր եկել իր հայտնի «Ես երազանք ունեմ» ելույթով։
1963 թվականին Քինգը ճանաչվել էր Time ամսագրի «Տարվա մարդ», իսկ հաջորդ տարի դարձել էր Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաերիտասարդ դափնեկիրը։