Մեքսիկայի Խալիսկո նահանգում երեկ զինված բախում է տեղի ունեցել զինվորականների և հանցավոր խմբավորման (կարտելի) անդամների միջև, ինչի հետևանքով երկու մարդ է մահացել։
Ինչպես իշխանությունները հայտնել են «Milenio» թերթին, միջադեպը տեղի է ունեցել Օկոտլան մունիցիպալիտետում։
Մեքսիկայի պաշտպանության նախարարության ծառայողները դեպքի վայր են ժամանել մեքենայի առևանգման մասին ահազանգից հետո, որտեղ էլ ենթարկվել են կարտելի ենթադրյալ անդամների հարձակմանը։
Հետապնդման ընթացքում զինվորականները բախվել են հարձակվողների զրահապատ մեքենային, ինչից հետո փոխհրաձգություն է սկսվել։ Հարձակվողներից 2-ը սպանվել են, 1 զինծառայող վիրավորվել ու տեղափոխվել է հիվանդանոց։
Իրավապահ մարմինները ձերբակալել են 1 կասկածյալի՝ Հոնդուրասի քաղաքացու։ Առգրավվել են գնդացիր, 3 հրազեն և 2 նռնակ. դրանք պատկանել են «Խալիսկոյի նոր սերունդ» կարտելին։ Որոնողական աշխատանքներ են տարվում կարտելի՝ փախուստի դիմած անդամներին հայտնաբերելու ուղղությամբ։