ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ Շիրակի մարզի ք. Արթիկ, Բաղրամյան փ. 27/3 և 29/1 հասցեներում Ս. Ղազարյան անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող առևտրի օբյեկտում և ՀՀ ք. Երևան, Աբովյան փողոցի 1/1 հասցեում «Մեհակ գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող ռեստորանում։ Այս մասին տեղեկացնում են ՔՏՀԱ տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության ոլորտին առնչվող նորմատիվ իրավական ակտերի և փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք հրդեհների առաջացման անմիջական վտանգ են ստեղծում և սպառնում մարդկանց անվտանգությանը։
Ելնելով արձանագրված խախտումների բնույթից՝ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել են որոշումներ՝ ամբողջությամբ դադարեցնել վերոնշյալ հասցեներում շահագործվող առևտրի օբյեկտի և ռեստորանի գործունեությունը՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։ Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության աշխատակիցների համատեղ աշխատանքի արդյունքում վերոնշյալ օբյեկտները նաև կապարակնքվել են։