«Հուսով եմ՝ ՀՀ կառավարությունը կվերանայի իր դիրքորոշումը և առաջնային տեղ կտա տուժածների իրավունքներին»․ Պաբլո Դիաս

«Քաղաքականությունը միշտ կարևոր դեր է ունեցել միջազգային հարաբերություններում և միջազգային իրավունքում։ Սակայն կայուն խաղաղության կարելի է հասնել միայն արդարության միջոցով։ Հետևաբար, պատասխանատվության ապահովումը խաղաղ կարգավորման իրական և անբաժանելի բաղադրիչն է։ Ուստի հույս ունեմ, որ Հայաստանի կառավարությունը կվերանայի Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության վերաբերյալ իր դիրքորոշումը և կընդունի մի մոտեցում, որով առաջնային տեղ կհատկացնի հակամարտությունից տուժած անձանց իրավունքներին, շահերին և արդարության վերականգնմանը»,- Aravot.am-ի փաստմանը՝ ներկայումս շատ քննարկումներ կան՝ արդյոք քաղաքական հարցե՞րն ունեն մեծ դերակատարություն, թե՞ իրավական հարցերը, և այս համատեքստում արդյոք մենք ունե՞նք երաշխիքներ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը լուծել միջազգային իրավունքի շրջանակում, այսպես պատասխանեց Նյուրնբերգյան սկզբունքների միջազգային ակադեմիայի ծրագրերի պատասխանատու դոկտոր Պաբլո Գավիրա Դիասը։

Դոկտոր Պաբլո Գավիրա Դիասը Երևանում մասնակցում է «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով երկօրյա համաժողովին։

Մեր փաստմանը՝ այս պահի դրությամբ դեռ ոչ մի երկիր չի համաձայնել որպես 3-րդ երկիր մարդասիրական առաքելություն իրականացնել Բաքու՝ այցելելով հայ ռազմագերիներին, և հարցին՝ ո՞րն է դրա պատճառը, արդյոք ՀՀ-ն չունի՞ գործընկերներ՝ հանձին միջազգային հանրության, թե՞ այլ պատճառներ կան, դոկտոր Դիասը պատասխանեց․ «Կարծում եմ՝ Հայաստանը մեծ հարգանք վայելող երկիր է։ Կարելի է ասել, որ Հայաստանը հետևողականորեն պահպանում է իր դիրքորոշումը տարբեր դաշինքների շրջանակներում։ Սակայն, իմ կարծիքով, շատ կարևոր է, որ Հայաստանը կատարի այն միջազգային պարտավորությունները, որոնք ստանձնել է։ Ես միշտ կողմնակից եմ եղել քաղաքական խնդիրների դիվանագիտական լուծումներին և համոզված եմ, որ եթե Հայաստանը ավելի լրջորեն մոտենա արդարության և խաղաղության հարցերին, ավելի շատ երկրներ պատրաստ կլինեն աջակցելու Հայաստանին այդ ուղղությամբ»։

Ըստ մեր զրուցակցի՝ այսօր աշխարհում բախվում ենք բազմաթիվ մարտահրավերների, հատկապես այն միջազգային համակարգում, որը միջազգային հանրությունը ձևավորել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո․ «Այսօր առավել քան երբևէ մենք պետք է վերադառնանք այն սկզբունքներին և արժեքներին, որոնց վրա հիմնված է այդ միջազգային համակարգը։ Մենք չպետք է մոռանանք, թե որտեղից ենք գալիս։ Պետք է պահպանենք այն, ինչ ունենք, որպեսզի այն փոխանցենք ապագա սերունդներին»։

Մեր փաստմանը՝ խոսում եք սկզբունքների մասին, բայց կան բռնապետական երկրներ, որոնք հրաժարվում են կատարել միջազգային դատարանների որոշումները, Պաբլո Գավիրան այսպես արձագանքեց․ «Միջազգային քրեական դատարանը մշտապես ճնշումների է ենթարկվել։ Սակայն այն, ինչին մենք ականատես ենք լինում այսօր, աննախադեպ հարձակումներ են դատարանի լեգիտիմության և հեղինակության նկատմամբ։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է մի պետության՝ ԱՄՆ-ի գործողություններին, որը վերջին ամիսներին պատժամիջոցներ է սահմանել ինչպես դատարանի, այնպես էլ ՄՔԴ պաշտոնատար անձանց նկատմամբ։ Ցավալի է տեսնել նման որոշումները, հատկապես, երբ դրանք գալիս են միջազգային համակարգի հիմնադիր անդամներից մեկի՝ այնպիսի պետության կողմից, որն ունի կարևոր դերակատարություն այդ համակարգում։ Այնուամենայնիվ, ես շարունակում եմ հավատալ, որ Միջազգային քրեական դատարանն ունի 120 անդամ պետությունների աջակցությունը, և միջազգային հանրության մեծամասնությունը սատարում է Միջազգային քրեական դատարանի գործունեությանը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment