«Ես Սինջարից եմ՝ Իրաքի հյուսիսից։ 2017-ին ինքս ցեղասպանության միջով եմ անցել, կորցրել եմ եղբորս, հորս։ Քրոջս հետ երկու տարի գերության մեջ ենք եղել։ Սարսափելի բաների միջով ենք անցել։ Միշտ ասում եմ՝ մեկ ժամ գերության մեջ լինելը հավասար է նորմալ կյանքի հարյուրավոր տարիների»,- Երևանում «Ճշմարտության և արդարադատության կենտրոն»-ի նախաձեռնությամբ անցկացվող «Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով երկօրյա համաժողովի ընթացքում այսպիսի կարծիք հայտնեց «Ոչ ոք չի լսում» («Nobody’s Listening») կենտրոնի տնօրեն Թիքրան Մատոն։
Նշենք, որ համաժողովին զուգահեռ Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև գործում է «Փաստագրելով ճշմարտությունը, պահպանելով հիշողությունը» թվային ցուցադրությունը։ Վեց էկրաններին ցուցադրվում են զոհերի, վերապրածների, զանգվածային ոճրագործությունների փաստագրված վկայություններ, վավերագրական տեսանյութեր և տեսողական նյութեր, որոնք հավաքել են Ճշմարտության և արդարադատության կենտրոնի մասնագետները։
«Ոչ ոք չի լսում․ Սինջարի մոռացված ձայները» խորագրով նորարարական վիրտուալ իրականության ցուցադրությունն այցելուներին տեղափոխում է Հյուսիսային Իրաք։ Այն ներկայացնում է Սինջարի շրջանի Քոչո գյուղում ծավալվող պատմությունը, երիտասարդ եզդի կնոջ վկայությունը, որին առևանգել և սեռական ստրկության են ենթարկել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, կոտորածից փրկված նրա եղբոր պատմությունը, ինչպես նաև գյուղի վրա հարձակված ԻՊ զինյալի պատմությունը։
Թիքրան Մատոն ասաց, որ տարբեր համայնքներում նախկինում աշխատել է ցեղասպանություններ վերապրած անձանց հետ ու նշեց․ «Նկատել ու լսել եմ նույն բանը՝ այն է, որ վերապրած անձինք ուժասպառ են լինում՝ իրենց ցավոտ պատմություններն ամեն անգամ կրկնելով։ Երբ խնդրում ենք նրանց պատմել այդ մասին, մենք խթանում ենք նրանց ներքին տրավմային»։ Խոսելով եզդիների ցեղասպանության և դրա պատասխանատուների պատժի մասին՝ Թիքրան Մատոն ցավով նշեց․ «12 տարի է շարունակում ենք խոսել եզդիների ցեղասպանության մասին, բայց դեռ ոչ մի արդյունք, գործողություն չենք տեսնում։ Մենք պետք է գտնենք նոր ուղիներ այս պատմությունները ներկայացնելու համար»։
ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, Կոգնիտիվ-վարքաբանական թերապիայի գիտակրթական հայկական ասոցիացիայի նախագահ և համահիմնադիր Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ 2020-ի պատերազմից հետո նախաձեռնել են զինծառայողների և նրանց հարազատների հոգեսոցիալական վերականգնման կենտրոն, տեղահանվածների համար իրականացնում էին դաշտային և երկարաժամկետ հոգեբանական աշխատանքներ․ «Մենք՝ հոգեբաններս, հոգեբանական տրավմայի հետ գործ ունենալիս առաջնորդվում ենք այն տրամաբանությամբ, որ պետք է օգնենք մարդուն հաղթահարել այդ տրավման։ Դա նշանակում է օգնել մարդուն վերամշակել իր համար ցավոտ փորձը և իմաստավորել այն՝ տեղավորելով իր կյանքի պատմության մեջ։ Միայն այդ դեպքում նա կարող է հաղթահարել և գնալ առաջ։ Շատ հաճախ տեսնում ենք նման իրավիճակ, որ հանրությունը, ընտանիքը, շատ պատրաստակամ չլինելով խոսել այս իրավիճակի մասին, ուղղակի անցնում է հորդորների, զոհին հորդորում մոռանալ, անցնել առաջ, ավելի պինդ լինել, շեշտը դնել դրական կողմերի վրա։ Բաներ, որոնք ակամայից ծառայելով տուժողի բարօրությանը՝ հակառակը, արջի ծառայություն են մատուցում՝ լռեցնելով, մեկուսացնելով նրան։ Դա հենց լռության դավադրանքն է, որն ինչ-որ առումով վերածվում է երկրորդային տրավմատիզացիայի»։
«Ձայներ՝ ընդդեմ մոռացության․ զանգվածային ոճրագործությունների զոհերն անպատժելիության դարաշրջանում» խորագրով համաժողովն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: