Ադրբեջանական դատարանը լրագրող, Meclis.info հարթակի ղեկավար Իմրան Ալիևին դատապարտել է 10 տարվա ազատազրկման, իսկ քաղաքացիական ակտիվիստ Էլգիզ Ղահրամանին՝ 9 տարվա ազատազրկման։ Գործը վերաբերում էր փողերի լվացման և մաքսանենգության մեղադրանքներին, գրում է OC Media-ն։
Դատավճիռը կայացվել է Ադրբեջանի անկախ լրատվամիջոցների և լրագրողների նկատմամբ շարունակվող ճնշումների ֆոնին։ Վերջին տարիներին տասնյակ լրագրողներ և մեդիաաշխատողներ քրեական մեղադրանքների են ենթարկվել և ազատազրկվել։ Իշխանությունները բազմիցս հերքել են այն մեղադրանքները, թե հետապնդումները քաղաքական դրդապատճառներ ունեն՝ պնդելով, որ ձերբակալվածներն իրենց ներկայացված քրեական մեղադրանքների հիման վրա են պահվում կալանքի տակ։
Դատավճռի հրապարակումից հետո Ղահրամանը կալանավորվել է հենց դատարանի դահլիճում, իսկ մեկ այլ մեղադրյալի՝ Meclis.info-ի հաշվապահ Թամելլա Մուսաևայի նկատմամբ նշանակվել է ութ տարվա պայմանական ազատազրկում։ Ալիևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և իր նկատմամբ քրեական հետապնդումը կապում է Ադրբեջանի խորհրդարանի և դրա անդամների գործունեությունը փաստագրելու իր աշխատանքի հետ։ Դատավճիռը հրապարակվել է հինգշաբթի՝ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում կայացած նիստի ընթացքում։
Meydan TV-ին Ղահրամանի հարազատները հայտնել են, որ դատարանը վերացրել է նրա նկատմամբ նախկինում կիրառված խափանման միջոցը, որը նախատեսում էր ոստիկանության հսկողության ներքո մնալու պարտավորություն, և որոշում է կայացրել նրան կալանավորելու մասին։ Ակտիվիստը կալանավորվել է դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումից անմիջապես հետո, և տեղափոխվել Բաքվի նախնական կալանքի կենտրոն։ Նրա հարազատների խոսքով՝ նա պատիժը կկրի խիստ ռեժիմի քրեակատարողական հիմնարկում։
Մեղադրյալներին առաջադրվել են ապօրինի ձեռնարկատիրության, փողերի լվացման, մաքսանենգության, հարկերից խուսափելու, փաստաթղթեր կեղծելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեղադրանքներ։ Հոկտեմբերի 20-ին կայացած դատական նիստում մեղադրողը պահանջել էր Իմրան Ալիևին դատապարտել 12 տարվա, իսկ Էլգիզ Գահրամանին՝ 11 տարվա ազատազրկման։
Meclis.info հարթակի ղեկավար Իմրան Ալիևը ձերբակալվել էր նաև 2024 թվականի ապրիլի 19-ին։ Էլգիզ Ղահրամանը և Թամելլա Մուսաևան նույն քրեական գործով որպես մեղադրյալներ են ներգրավվել 2025 թվականին։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ոստիկանության հսկողությունը՝ կալանավորման փոխարեն։
Ալիևը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները և իր ձերբակալությունը կապում Meclis.info-ի ղեկավարի իր աշխատանքի հետ։ Հարթակը հետևում է Ադրբեջանի խորհրդարանի և դրա անդամների գործունեությանը։Հարթակը հրապարակում էր տեղեկություններ պատգամավորների գործունեության, օրենսդրական նախաձեռնությունների, խորհրդարանի նիստերին նրանց մասնակցության և քվեարկությունների արդյունքների մասին։
Էլգիզ Ղահրամանը ձերբակալվել էր 2016 թվականի օգոստոսին՝ թմրանյութերի հետ կապված մեղադրանքներով։ 2017 թվականի հունվարին Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը նրան դատապարտել էր հինգ տարի վեց ամիս ազատազրկման։ Նույն տարվա նոյեմբերին Գերագույն դատարանը փոխել էր մեղադրանքները և կրճատել նրա պատժի ժամկետը՝ հասցնելով երեք տարվա։ Ղահրամանը հերքել էր իրեն առաջադրված մեղադրանքները։ NIDA քաղաքացիական շարժումը հայտարարել էր, որ նա ձերբակալվել է քաղաքական դրդապատճառներով՝ սոցիալական ցանցերում հրապարակած քննադատական գրառման պատճառով։ Ակտիվիստն ազատ էր արձակվել 2019 թվականի մարտի 17-ին՝ նախագահի համաներման որոշմամբ։
2026 թվականի հունվարի 13-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) որոշում էր կայացրել Ղահրամանի նախկին կալանքին վերաբերող երկու գանգատների վերաբերյալ։ Դատարանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտումներ է արձանագրել՝ կապված խոշտանգումների մասին նրա պնդումներն արդյունավետորեն չքննելու և դատական նիստերի ընթացքում նրան մետաղյա վանդակում պահելու հետ։ Դատարանի վճռի համաձայն՝ Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է Ղահրամանին վճարել 10 հազար եվրո՝ ոչ նյութական վնասի փոխհատուցման, և 2,055 եվրո՝ դատական ծախսերի համար։