Գերմանիայում թխվածքաբլիթներում մարտկոցներ են հայտնաբերվել. 16 դպրոցական հոսպիտալացվել է

16 աշակերտ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ կերել է փոքր մարտկոցներ պարունակող մաֆիններ


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Կոսվիգ քաղաքի տարրական դպրոցում 16 աշակերտ հոսպիտալացվել է այն բանից հետո, երբ կերել է փոքր մարտկոցներ պարունակող մաֆիններ, հայտնում է The Irish Sun-ը։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին դպրոցական միջոցառման ժամանակ, որի համար մասնակիցները տնային պայմաններում պատրաստված թխվածքներ էին բերել։ Մաֆիններում փոքր կլոր մարտկոցներ հայտնաբերելուց հետո դպրոց է շտապել 35 փրկարար։

Աշակերտներից մեկին հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով, իսկ մյուս 15-ին՝ ծնողները։ Երեխաների առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Դեռևս հայտնի չէ, թե արդյոք նրանցից որևէ մեկը մարտկոց կուլ տվել է։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ երեք երեխա գանգատվել է որոշակի ախտանշաններից։

Տեղական իշխանությունները նախազգուշացրել են, որ կուլ տված մարտկոցները կարող են արագորեն խրվել կերակրափողում և առաջացնել ներքին ծանր այրվածքներ։ Գերմանիայի առողջապահական մարմինները ծնողներին հորդորել են չսպասել ախտանշանների ի հայտ գալուն, քանի որ դրանք կարող են ի հայտ գալ ժամեր անց։

Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով Կոսվիգի ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Այս պահին հայտնի չէ, թե ինչպես են մարտկոցները հայտնվել խմորի մեջ և ինչն է եղել դրա պատճառը։


 


Leave a comment