ԱՄՆ-ը կասկածի տակ չի դնում եվրոպական երկրների եզրակացությունները Նավալնիի էպիբատիդինով թունավորման վերաբերյալ․ Մարկո Ռուբիո

ԱՄՆ-ում հինգ եվրոպական երկրների հայտարարությունը՝ ռուսական գաղութում Ալեքսեյ Նավալնիի էպիբատիդին թույնով թունավորման մասին, գնահատում են որպես «մտահոգիչ հաղորդագրություն»։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը՝ Բրատիսլավայում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք, իհարկե, տեղյակ ենք այդ հաղորդագրությունից։ Դա մտահոգիչ հաղորդագրություն է։ Մենք գիտենք պարոն Նավալնիի գործի մասին, և, անկասկած… մենք որևէ պատճառ չունենք այն կասկածի տակ դնելու»,-ասել է Ռուբիոն լրագրողներին։

Այն հարցին, թե ինչու ԱՄՆ-ը չի միացել հայտարարությանը, Ռուբիոն պատասխանել է, որ դա եղել է եվրոպական երկրների նախաձեռնությունը։

«Մենք որոշեցինք՝ սա չի նշանակում, որ մենք համաձայն չենք արդյունքների հետ։ Պարզապես դա մեր նախաձեռնությունը չէր։ Երբեմն երկրներն ինքնուրույն են նման քայլեր անում՝ հիմնվելով իրենց կողմից հավաքված հետախուզական տվյալների վրա», -հավելել է նա։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «չի վիճարկում» այդ եզրակացությունները և չի պատրաստվում «հակասության մեջ մտնել այդ երկրների հետ» հայտարարության շուրջ։

ՀԻշեցնենք՝ փետրվարի 14-ին Մեծ Բրիտանիան, Շվեդիան, Ֆրանսիան, Գերմանիան և Նիդեռլանդները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում նշվել է, թե Ալեքսեյ Նավալնին ռուսական գաղութում թունավորվել է էպիբատիդինով՝ փայտային գորտից ստացվող թույնով։

Ռուսաստանի ԱԳՆ-ում հինգ երկրների եզրակացությունները որակել են որպես «տեղեկատվական ներմուծում»։

«Երբ կլինեն վերլուծությունների արդյունքները, կլինեն նյութերի բանաձևերը, կլինի նաև մեկնաբանությունը։ Առանց դրա բոլոր խոսակցություններն ու հայտարարությունները տեղեկատվական ներմուծում են՝ Արևմուտքի հրատապ խնդիրներից ուշադրությունը շեղելու նպատակով»,-հայտարարել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Leave a comment