Ֆուտբոլի Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» ներկայացրել է «Spotify Կամպ Նոու» վերակառուցված մարզադաշտում հուշահամալիրային տարածք ստեղծելու նախագիծ, որտեղ կամփոփվեն ակումբի երկրպագուների աճյունասափորները։
«Memorial FC Barcelona» անվանումով նախագիծը նախատեսում է 26 հազար տեղանոց կոլումբարիումի ստեղծում։ Բացի այդ, մարզադաշտում կտեղադրվեն 9000 հուշատախտակներ՝ նվիրված ակումբի երկրպագուներին։
EFE լրատվական գործակալության համաձայն՝ աճյունասափորի տեղադրման արժեքը կախված կլինի պահպանման ժամկետից։ 10 տարվա կոնցեսիայի արժեքը կկազմի 2490 եվրո, 25 տարվա համար՝ 4990 եվրո, իսկ 50 տարվա համար՝ 5990 եվրո։
Բացի այդ, հարազատները պետք է տարեկան 70 եվրո վճարեն սպասարկման համար։ Աճյունասափորի և վարչական ծառայությունների համար նախատեսված է առանձին վճար։
Հուշահամալիրային տարածքը կզբաղեցնի շուրջ 1500 քառակուսի մետր։ Այն նախատեսվում է բացել վերակառուցված «Կամպ Նոու» մարզադաշտում՝ 2027 թվականի վերջին։
Կատալոնական ակումբից հայտնել են, որ ծառայությունից կարող են օգտվել բոլոր երկրպագուները՝ անկախ նրանից՝ նրանք «Բարսելոնայի» պաշտոնական ֆան ակումբի անդամ են, թե՝ ոչ։
Դավիթ Եղիազարյան