Ջաբարով․ ՀՀ-ն կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքը (PAN.am)

Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքը, եթե կրկին ակտիվորեն ներգրավվի կառույցի գործունեության մեջ։

Ըստ նրա՝ դրա համար անհրաժեշտ է մասնակցել ՀԱՊԿ-ի հանդիպումներին, խորհրդակցություններին, խորհրդարանական համաժողովներին, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Դրա համար Հայաստանը պետք է մասնակցի ՀԱՊԿ-ի ընթացիկ աշխատանքներին՝ ներկա գտնվի հանդիպումներին, խորհրդակցություններին, համաժողովներին, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի ամենամյա խորհրդարանական համաժողովներին, որոնք անցկացվում են տարեկան երկու կամ երեք անգամ։ Այսինքն՝ ցույց տա, որ ակտիվ մասնակից է»,-ասել է նա:

Ռուս սենատորը նաև հավելել է, որ Հայաստանը պետք է մասնակցություն ունենա ՀԱՊԿ անդամ երկրների կազմակերպած համատեղ ռազմական զորավարժություններին։

Նշվում է, որ չնայած կազմակերպությունում Հայաստանի նկատմամբ սահմանված սահմանափակումներին, երկիրը շարունակում է պահպանել ՀԱՊԿ-ի անդամի կարգավիճակը։

Նոյեմբերի 11-ին Մոսկվայում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովի մասնակիցները որոշում են ընդունել սահմանափակելու Հայաստանի որոշ իրավունքները կազմակերպությունում։ Որոշման իրավական հիմք է հանդիսացել ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածը։ Դրա համաձայն՝ կասեցվել է Հայաստանի իրավունքը՝ թեկնածուներ առաջադրելու կազմակերպության քվոտային պաշտոնների համար, ինչպես նաև սահմանափակվել է նրա ձայնի իրավունքը։

Նշված սահմանափակումները գործելու են մինչև Հայաստանի անդամավճարների պարտքի ամբողջական մարումը։

Leave a comment