Հայ ժողովուրդը «ինքնիշխանությունը», «անկախությունը», «ժողովրդավարությունը» վառելով հաստատ չի տաքանալու ցուրտ ձմռանը

Եվրոպական մի շարք երկրների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրամիության ղեկավարները Դուբլինում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում համատեղ հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը, կայունությանը, անկախությանն ու դիմակայունությանը։

 

Հայտարարության մեջ թիրախավորվում է Ռուսաստանի Դաշնությունը, որն, ըստ հայտարարության, իբրև թե փորձել է միջամտել Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին և անգամ Հայաստանի նկատմամբ ուղղակի քաղաքական և տնտեսական ճնշումներ գործադրել՝ Հայաստանի արտահանման նկատմամբ աննախադեպ սահմանափակումներ կիրառելով։

Այժմ էլ սպառնում է էներգակիրների մատակարարումները որպես ահաբեկման միջոց օգտագործել։ Եվ ի հեճուկս Ռուսաստանի՝ ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում՝ հնարավորություն տալու Հայաստանին պաշտպանել իր ինքնիշխանությունը և ազատորեն ընտրել սեփական ապագան։

Համենայն դեպս, Հայաստանին տրամադրվող նվազագույն օգնությունն այդպես են մեկնաբանում եվրաչինովնիկները՝ նշելով, որ կշարունակեն աջակցել Հայաստանին տնտեսական գործընկերությունների դիվերսիֆիկացման հարցում, մասնավորապես՝ առևտրի և էներգետիկայի ոլորտներում։

 

Առևտրի ոլորտում մենք արդեն տեսել ենք նրանց աջակցությունը, որը սահմանափակվեց մի խումբ հայկական ապրանքների համար դեպի ԵՄ երկրներ արտահանման մաքսատուրքերի վերացմամբ։ Արդյունքում, զրկվելով ռուսաստանյան մեծածավալ շուկայից, հայ տնտեսվարողներից միայն հատուկենտները կարողացան օգտվել եվրոպական մեծահոգությունից, այդուհանդերձ՝ դեպի ԵՄ երկրներ արտահանված հայկական ապրանքների չափը ռուսաստանյան շուկաներ արտահանվող ապրանքների չնչին տոկոսն է կազմում։ Փոխարենը՝ իշխանությունները ստիպված եղան պետական գանձարանից հսկայական միջոցներով սուբսիդավորել ռուսական շուկայից զրկված հայ ֆերմերների ֆինանսական կորուստները՝ այդպիսով լռեցնելով նրանց ու կանխելով բողոքի ակցիաներն ու սոցիալական ընդվզումը։ Եվրոպական օգնությունը որպես այդպիսին բացարձակ համարժեք չէ այն տնտեսական կորստին, որը կրեց Հայաստանի Հանրապետությունը ռուսական սահմանափակումների հետևանքով։

 

Հիմա էլ էներգետիկայի ոլորտում են խոստանում աջակցել Հայաստանին։ Այստեղ են ասել՝ ճաղատը հնար ունենար, իր գլխին կաներ։ Ռուսական պատժամիջոցների հետևանքով միջնորդավորված ռուսական գազն աննախադեպ թանկ գնով սպառող Եվրոպան Հայաստանին խոստանում է աջակցություն ցուցաբերել էներգետիկայի ոլորտում, եթե հանկարծ Ռուսաստանն այնուամենայնիվ վերանայի Հայաստանին մատակարարվող գազի գինը։

 

Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովի շրջանակներում անցկացված «Մրցունակ Եվրոպայի կառուցումը՝ նորարարություն, կապակցվածություն և մատչելի էներգիա» խորագրով կլոր սեղան-քննարկմանը Ադրբեջանի նախագահն, անդրադառնալով Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում Ադրբեջանի դերին, հիշեցրել է 2022 թվականին Ադրբեջանի և Եվրամիության միջև էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը և նշել, որ այդ ժամանակից դեպի Եվրամիություն գազի մատակարարումներն աճել են 8 միլիարդից մինչև 13 միլիարդ խորանարդ մետրի՝ մի ծավալ, որը կազմում է Ադրբեջանի ընդհանուր արտահանման գրեթե կեսը։ Ալիևը, խոսելով գազի մատակարարումներն էլ ավելի ընդլայնելու Եվրամիության սպասելիքների ու պայմանավորվածության մասին, հայտնել է, որ Բաքվից Իտալիա գազ մատակարարող խողովակը ներկայումս գործում է լրիվ հզորությամբ։

 

Գազատարի թողունակությունն արդեն իսկ 10 միլիարդ խորանարդ մետրից հասցվել է 11,2 միլիարդ խորանարդ մետրի։ Բաքուն բազմիցս նշել է, որ առանց եվրոպական ֆինանսական ինստիտուտների կողմից խողովակաշարերի ընդլայնման ծրագրերի ֆինանսավորման և երկարաժամկետ պայմանագրերի երաշխիքների՝ հնարավոր չէ արագ տեմպերով էլ ավելի մեծացնել արտահանման ծավալները։ Նշենք, որ այսօրվա դրությամբ 2022 թվականից ի վեր Ադրբեջանից եվրոպական երկրներին մատակարարվող գազի գինը հասել է իր ամենաբարձր նիշին՝ դառնալով 1200 դոլար՝ հազար խորանարդ մետր գազի դիմաց։ Գազի համար այդպիսի թանկ գին վճարող ու ծավալների սահմանափակման խնդիր ունեցող Եվրոպան՝ հանձին ԵՄ կառույցի, Հայաստանին խոստանում է, որ ռուսական գազը թանկանալու դեպքում ձեռք կմեկնի Հայաստանին։ Առնվազն զավեշտալի է Եվրոպայի այդ խոստումն ու պատրաստականությունը նման պայմաններում։

Պետք է կիսվի՞ իրեն մատակարարվող գազով Հայաստանի հետ, ու գումարն էլ ինքը վճարի՞ հայաստանցիներիս փոխարեն։ Որ Եվրոպան չի պատրաստվում սուբսիդավորման համար Հայաստանին որպես օգնություն իր եվրոները տրամադրել, դրանում մենք արդեն համոզվել ենք, երբ տնտեսական սահմանափակումների հետևանքները հավասարակշռելու բեռը մնաց մեր պետական բյուջեի վրա։ Գազի հնարավոր թանկացման դեպքում միանշանակ կամ պետական բյուջեից է առժամանակ սուբսիդավորվելու թանկացած գինը, ինչը խիստ կասկածելի է, լավագույն դեպքում գոնե անապահով ընտանիքների համար իշխանությունները կարող են մի քանի ամսով որոշակի սուբսիդավորում տրամադրել, կամ էլ ողջ այդ ծանրությունը մնալու է հասարակ քաղաքացիներիս դրամապանակների վրա։

Եվրամիությունը գուցե այս դեպքում էլ հայաստանցիներիս ոգեկոչող, դիմանալու հորդորներ անող հայտարարություններով սահմանափակվի՝ հղում անելով մեր ինքնիշխանության, անկախության ու ժողովրդավարական արժեքների վրա։ Բայց դե մեր ժողովուրդը դրանք վառելով հաստատ չի տաքանալու։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment