Կալանավորված իրանցու փախուստը՝ Երևանում․ նոր մանրամասներ (ՎԻԴԵՈ)

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ․ Երևանում փախուստի դիմած իրանցին հայտնաբերվել է 5 օր անց․ ՎԻԴԵՈ


ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մանրամասներ է ներկայացրել Երևանում կալանավորված Իրանի քաղաքացու փախուստի դեպքի վերաբերյալ՝ հայտնելով, որ նա հայտնաբերվել է նոյեմբերի 11-ին՝ ՊԵԿ-ի և ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում։


ՊԵԿ-ը նաև անդրադարձել է դեպքի վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումներին՝ նշելով, որ դրանցից մի քանիսում ներկայացվել են ոչ ամբողջական տեղեկություններ։


«ՊԵԿ-ը կարևորում է հանրությանը դեպքերի վերաբերյալ ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը: Միևնույն ժամանակ, ցավալի է, երբ առանձին լրատվամիջոցներ, դեպքի ամբողջական հանգամանքները չներկայացնելով, հանրությանն են փոխանցում միակողմանի տեղեկատվություն՝ անտեսելով նաև իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների արդյունքները», – ասվում է ՊԵԿ-ի հաղորդագրության մեջ։


Կոմիտեն ընդգծել է, որ որոշ հրապարակումներում չի նշվել, որ փախուստի դիմած քաղաքացին հայտնաբերվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում։


Ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը


ՊԵԿ-ի ներկայացրած տվյալներով՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19։00-ի սահմաններում, մաքսային զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած՝ ԻԻՀ քաղաքացի Մ. Մ.-ի կողմից շահագործվող բեռնատարը։


Զննության արդյունքում հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ։ Թմրամիջոցների մաքսանենգության անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով տղամարդը ձերբակալվել է և տեղափոխվել Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, այնուհետև դատարանի որոշմամբ կալանավորվել։


Նոյեմբերի 6-ին՝ ժամը 22։00-ի սահմաններում, քրեական վարույթի շրջանակում գաղտնի քննչական գործողություններ իրականացնելու ընթացքում կալանավորված անձը փախուստի է դիմել։


ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 11-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ոստիկանության Շենգավիթի բաժնի աշխատակիցների իրականացրած օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանքների արդյունքում տղամարդը հայտնաբերվել է։


Նրան տեղափոխել են ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն, այնուհետև՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։




Leave a comment