Բաքվի նպատակը խաղաղության գործընթացը ձգձգելն ու Հայաստանին սադրանքների մղելն է․ Դավիթ Ստեփանյան

Բաքվի նպատակը խաղաղության գործընթացը ձգձգելն ու Հայաստանին սադրանքների մղելն է․ Դավիթ Ստեփանյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Կարծում եմ ակնհայտ է, որ Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով անվանակոչելուն ուղղված արձագանքը և մեղադրանքները, որ Հայաստանը «կեղծում է պատմությունը» այն իրանական ներկայացնելով, խաղաղության խաթարմանն ուղղված քայլերից մեկն է: Այս մասին Zarkerak.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանում Իրանի դեսպանության մշակույթի կենտրոնի կազմակերպած միջոցառման ընթացքում ներկայացվել է պարսիկ բանաստեղծ Ֆիրդուսի «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն արձակ թարգմանությունը, որից հետո հայտարարվել էր մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել Եղիշե Չարենցի անունով։ Արարողությանը մասնակցել էր նաև աշխատանքային այցով Երևան ժամանած Իրանի փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին։ Կովկասի մուսուլմանների վարչությունը տեղի ունեցածը որակել էր «վանդալիզմ» և Հայաստանի իշխանություններից պահանջել կանխել նման միջոցառումները։

Ըստ Ստեփանյանի այսպիսի ադրբեջանական քաղաքականության մեջ նման գործունեությունները շատ են, ինչը հիմք է տալիս պնդել, որ Բաքուն պաշտոնական մակարդակով փորձում է տորպեդահարել խաղաղության գործընթացը՝ միևնույն ժամանակ չձգտելով այն ամբողջությամբ ոչնչացնել, այլ հնարավորինս դանդաղեցնել: Քաղաքագետի գնահատմամբ սրա նպատակն է բանակցությունները խաղաղության պայմանագրին չհասցնելը և սահմանների սահմանագծման ու սահմանազատման գործընթացները կասեցնելը, քանի որ նման դեպքում Ադրբեջանը այլևս չի կարողանա հավակնություններ ներկայացնել ՀՀ տարածքի նկատմամբ:

«Եթե Ադրբեջանը պետական մակարդակով, որպես քաղաքականության հետևանք սեփականաշնորհել է Գանձասարը, Դադիվանքը, Ամարասը և Արցախի տարածքի մյուս պատմամշակութային կոթողները և հայտարարել դրանք որպես Աղվանքի կամ ինչպես իրենք են ներկայացնում «Կովկասյան Ալբանիայի» ժառանգություն, ապա ի՞նչն է խանգարում Երևանի Կապույտ մզկիթը հայտարարել ադրբեջանական և անգամ Էջմիածինը Աղվանքի ժառանգություն: Կարծում եմ տարբերություն չկա Հայաստանի տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգության և Արցախում գտնվողների դեմ տարվող քաղաքականության միջև: Աղվանքին վերագրվող մշակութային ժառանգություններով Բաքուն նաև փորձում է սեփականաշնորհել Հյուսիսային Կովկասի ժողովուրդների ժառանգությունը՝ այդպիսով մշակութային հավակնություններ ներկայացնելով Ռուսաստանի նկատմամբ: Օրինակ է նաև Վրաստանի հետ Դավիդ Գարիջիի վանական համալիր պատկանելության շուրջ հրահրված բանավեճերը: Իրենց ԶԼՄ-ներում նաև տեսել եմ, որ հավակնություններ կան նաև թուրքմենական ժառանգության նկատմամբ և անգամ Արգավանդում գտնվող թուրքմենական էմիրի դամբարանն են անվանում ադրբեջանական պատմաճարտարապետական ժառանգություն»,-ասաց Ստեփանյանը:  

Ըստ նրա՝ նման հայտարարությունները առաջին հերթին ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանում գոյություն ունեն ինքնության խնդիրներ, ինչը ստիպում է անընդհատ սեփականաշնորհել հարևան երկրների ու ժողովուրդների մշակույթը: Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, այս ձևով Հայաստանի նկատմամբ տարվում է գիտակցված քաղաքականություն:

«Մի կողմից նախագահ Իլհամ Ալիևը Դուբլինում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ, զուգահեռաբար հանդիպում են Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն ու ՀՀ ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, վարում են բանակցություններ կառուցողական մթնոլորտում, խոսում են առևտրի ու խաղաղության մասին, սակայն մյուս կողմից Բաքուն շարունակում է նման հռետորաբանությունը՝ այն հասցնելով ընդհուպ մինչև մշակութային դաշտ»,-ասաց Ստեփանյանը և նկատեց, որ սա ևս մի ճնշման լծակ է, որը փորձում է կիրառել Բաքուն:

Անդրադառնալով հարցին, թե որքանո՞վ պետք է, որպեսզի Հայաստանում լուրջ վերաբերվեն նման մշակութային հավակնություններին, ու ի՞նչ մակարդակով է պետք արձագանքել դրանց, Ստեփանյանը նշեց. «Այստեղ կա մի ցավոտ հարց մեր ղեկավարության համար. ինչպե՞ս պետք է արձագանքել Բաքվից հնչող նման հայտարարություններին, որպեսզի խաղաղության գործընթացը չխաթարվի: Սա դիվանագիտական խնդիր է: Մարդկանց մոտ հարց է առաջանում, երբ մեր հանդեպ նման պահանջներ են ներկայացվում, իսկ ինչու մենք նույնը չենք կարող անել: Կարևոր է չտրվել էմոցիաներին և հիշել, որ կա խաղաղության գործընթաց: Կարծում եմ պետք է հասկանալ, որ նրանց նպատակը նման հայատյաց ու ապակառուցողական հայտարարություններով սադրելն է, որպեսզի մենք էլ նույն կերպ իրենց նկատմամբ հնչեցնենք, իրենք էլ ասեն, որ ռևանշիստներ կան Հայաստանում և Ադրբեջանը միակ խաղաղություն ուզողն է: Նրանց նպատակը սա է, որպեսզի խաղաղության գործընթացի խաթարման ու դանդաղեցնելու մեջ մեզ մեղադրեն: Նման դիվանագիտական խնդրի համար է, որ մեր ղեկավարության արձագանքը չափազանց զուսպ է և համարում եմ, որ դա ճիշտ է, քանի որ խաղաղությունը ոչ միայն գործող ղեկավարության, այլ նաև հայ ժողովրդի համար բացարձակ արժեք է: Մենք պետք է մեր բոլոր ռեսուրսներով ձգտենք դրան, որովհետև այլընտրանք չկա խաղաղությանը: Մեր քաղաքական գիծը սա է և սրա շրջանակները չեն ենթադրում հակադիր խոսույթների գեներացում»:

Ստեփանյանի գնահատմամբ Բաքվի ներկա քաղաքականությունը առաջին հերթին հարված է հենց բանակցային գործընթացին, քանի, որ դրա հաջողությունը պայմանավորված է և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում վստահության մթնոլորտի ձևավորմամբ:

«Եթե փորձենք ընդհանրացված կերպով նկարագրել Ադրբեջանի քաղաքական ղեկավարության պատկերացրած խաղաղությունը, ապա կարող ենք ասել, որ Բաքվում Հայաստանի գոյությունը պատկերացնում են, որպես հնազանդ, կախյալ, իրական ինքնիշխանությունից զուրկ, իրենց չհակադրվող մի պետություն: Սա է այն նպատակը, որին ձգտում է Ադրբեջանը, որովհետև իրենք մեզ միշտ չափում են իրենցով, և կարիք կա, որ եթե թույլ տրվի հզորանալ, ապա ինչ-որ պահի կրկին ռազմական ճանապարհով վերադարձնելու ենք Ղարաբաղը»,-ասաց նա:

Ստեփանյանը նշեց, որ ամիսներ առաջ ադրբեջանական կողմը բարձր մակարդակով ընդգծել է, որ իրենց համար և՛ հայերի վերադարձը Արցախ, և՛ ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի տարածք փակված է, և որ դա չի քննարկվում է ընդհանրապես:

Քաղաքագետի խոսքով սա երկակի քաղաքականության հերթական դրսևորումն է, քանի որ այդ հարցը չի բարձրացվում բանակցությունների ընթացքում մինչդեռ ԶԼՄ-ների շրջանակներում գեներացվում է ընդհուպ մինչև «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթ, երբեմն այն հասցնելով նույնիսկ «ակադեմիական մակարդակ»:

«Իրենք լավ գիտակցում են, որ որևէ ադրբեջանցի առաջիկա տասնամյակներում չի գա Հայաստան, և հասկանում են, որ Արցախի հայերը չեն վերադառնա, մինչև չտրվեն միջազգային լուրջ երաշխիքներ: Սա քարոզչություն է՝ ուղղված մեր ղեկավարությանը հավասարակշռությունից հանելուն և փոխադարձը ստանալուն: Ադրբեջանից ասում են, որ Արևմտյան Ադրբեջանի» մասին իրենց բոլոր պնդումների ներդրումը քաղաքական խոսույթի մեջ «հիմնավոր են» և «հայելային», որովհետև Հայաստանում կան «դաշնակներ», իրենք այսպես են ասում ընդդիմության մասին, կան ռևանշիստներ, որոնք անընդհատ խոսում են Արցախից և նույնիսկ ԱԺ-ում Արցախի դրոշներն են տեղադրում, և որ իրենք չենք հավատում, որ հայկական կողմը անկեղծ է խաղաղության հարցում: Ասում են. կառավարությունը չի խոսում, բայց ձեր ընդդիմությունն է խոսում, որը ռուսամետ է, և վաղը կարող է լինել իշխանափոխություն և կրկին հավակնություններ ներկայացվեն Ղարաբաղի նկատմամբ»: Այսինքն ըստ իրենց սա դիմագրավում է մեր հավակնություններին»,-նկատեց Ստեփանյանը:

Ըստ քաղաքագետի, եթե հայկական ընդդիմությունը 2020 թվականի նոյեմբերի 9-ը «կապիտուլացիա» ներկայացնելով փորձում է իր քաղաքական նպատակներին հասնել, ապա Ալիևը Արցախում պարտությունը «կապիտուլացիա» ներկայացնելով ձգտում է իր երկրի տնտեսական ու ժողովրդագրական ծանրից շեղել և վառ պահել «արտաքին թշնամու» կերպարը կոնսոլիդացնելով իր իշխանության շուրջ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ժամանակը չէ, որպեսզի հայկական կողմն էլ փոխի հռետորաբանությունը, Ստեփանյանը նշեց. «Վստահ եմ, որ հռետորաբանությունը վաղուց պետք է փոխվեր, բայց այն պետք չէ փոխել հանրային տիրույթում, այլ այն պետք է փոխել բանակցային շրջանակներում՝ ցանկացած ֆորմատով հանդիպման ընթացքում: Որպես գործիք պետք է ներկայացվի, որ մեր կողմից հանրային տիրույթում նման հայտարարություններ չկան, այսինքն մենք անընդհատ խոսում ենք խաղաղությունից: Արդյո՞ք ավելի լավ չէ հաղթահարել ողբերգական անցյալը և թշնամանքը՝ չստեղծելով նույնպիսի ողբերգական ապագա և թշնամանք»:

Քաղաքագետի գնահատմամբ հենց հայ ժողովրդի խաղաղության ձգտումն ու տրամադրվածությունն է, որ երկրի ղեկավարությանը ստիպում է ավելի լայն քայլեր անել դեպի խաղաղության հաստատում:  

«Ընդհանրապես Հայաստանում խաղաղության ձգտում են ոչ միայն «Քաղաքացիական պայմանգրի» օգտին քվեարկած այն 700 հազար քաղաքացիները, այլ նաև այն 500 հազար քաղաքացիները, որոնք իրենց ձայնը տվել են ռուսամետ  ուժերի օգտին: Բնականաբար խաղաղության են ձգտում նաև նրանք, ովքեր չեն գնացել ընտրություններին և որևէ մեկի օգտին չեն քվեարկել: Վստահ եմ ցանկացածը իր ձևով է խաղաղությունը պատկերացնում: Այո, ընդդիմությունն էլ խոսում խաղաղության մասին՝ նշելով «արժանապատիվ խաղաղության» մասին, սակայն իրենք իրենց բանաձևը չեն ասում, թե ինչպես են տանելու դեպի այդ խաղաղությունը: Դրա համար զարմանալի է, թե ինչպես են այս քանակությամբ ձայն տվել իրենց: Միևնույն ժամանակ ղեկավարության ակտիվ քարոզչությունը և դեպի խաղաղությանն ուղղված քայլերը հստակ են դարձնում արդեն թե ինչու են կարողացել այսքան քվե ստանալ, և վստահաբար կարելի է պնդել, որ հայ ժողովուրդը ձգտում է խաղաղության, սրա համար միակ խոչընդոտներ ստեղծող Ադրբեջանն է»,-ասաց քաղաքագետը:

Նա նաև վստահություն հայտնեց, որ Սահմանադրության հարցը, որը Ալիևը բարձրացրել է, բարձրացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու նպատակով, այլապես Բաքվին որևէ ձևով ՀՀ Սահմանադրությունը չի հետաքրքրում:  

 

Leave a comment