63-72 տարեկան քաղաքացիների համար նախատեսված բիզնես նախաձեռնությունների աջակցության նոր ծրագրի շրջանակում շահառուները կարող են ստանալ մինչև 2 մլն դրամի անհատույց ֆինանսական աջակցություն՝ սեփական բիզնեսը սկսելու կամ գործողը ընդլայնելու համար։
Ծրագիրը բաղկացած է երկու փուլից՝ ձեռնարկատիրական կրթությունից և ֆինանսական աջակցությունից։ Դիմումների ընդունումը սկսվել է նոյեմբերի 9-ից և կշարունակվի մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ. այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը։
Ծրագիրը նախատեսված է մինչև 400 քաղաքացու համար
Բարսեղյանի խոսքով՝ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մինչև 400 քաղաքացու ներգրավում ձեռնարկատիրական դասընթացներում։ Դասընթացի նվազագույն տևողությունը 20 ակադեմիական ժամ է։ Մասնակիցները կծանոթանան ձեռնարկատիրական գործունեության հիմունքներին, ֆինանսների կառավարմանը, ֆինանսական պլանավորմանը, ինչպես նաև կսովորեն կազմել գործարար ծրագիր։
Քաղաքացիները բիզնես ծրագիրը կարող են մասնակցության ընթացքում կազմել զրոյից՝ իրենց գաղափարի հիման վրա։ Բիզնես ունեցողները կարող են գործունեությունն ընդլայնելու նպատակով դասընթացի ընթացքում կատարելագործել իրենց ծրագիրը։
Դասընթացներն իրականացվելու են միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսավորմամբ և շահառուների համար լինելու են անվճար։ Դասընթացները անցկացվելու են առցանց եղանակով։ Ավարտին մասնակիցները պետք է հանձնեն ավարտական քննություն։ Առնվազն 60 միավոր հավաքած մասնակիցները կստանան հավաստագիր ու հնարավորություն կունենան դիմելու ծրագրի գործընկեր ֆինանսական կազմակերպություններին։
Ծրագրի շահառու կարող են դառնալ 63-72 տարեկան քաղաքացիները։ Սահմանված են նաև մի շարք այլ պայմաններ։
Դիմելու պահին ցանկալի է, որ քաղաքացին չպետք է համարվի վարձու աշխատող, չպետք է ունենա հարկային պարտավորություններ։Դիմողը նաև չպետք է ունենա ժամկետանց վարկային պարտավորություններ նախորդող 12 ամիսների ընթացքում 90 և ավելի օր ժամկետանցությամբ։
Եթե քաղաքացին դեռ գրանցված անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ չէ, ապա գործարար ծրագրի ֆինանսավորման պայմանագիր կնքելուց առաջ պետք է ձեռք բերի համապատասխան կարգավիճակ։ Ծրագրում սահմանված են նաև տարածքային առաջնահերթություններ։ Առաջնահերթությունը կտրվի բարձր լեռնային և լեռնային, սահմանամերձ, այնուհետև գյուղական և քաղաքային համայնքներում բնակվող քաղաքացիներին։
Էկոնոմիկայի նախարարության ձեռներեցության վարչության պետ Դավիթ Բարսեղյանը նշել է, որ ծրագրով նախատեսված ֆինանսական աջակցությունը կարող է ուղղվել ձեռնարկատիրական գործունեության տարբեր նպատակների՝ տարածքի վարձակալությունից և հարմարեցումից մինչև սարքավորումների ձեռքբերում և մարքեթինգային ծառայությունների վճարում։
Օրինակներից են ջերմոցային տնտեսության հիմնումը, չրանոցի ստեղծումը, սառնարանային տնտեսության սարքավորումների ձեռքբերումը, հյուրատան կամ գաստրոբակի հիմնումը և այլն։
Ծրագրով սահմանված է նպատակային ծախսերի 11 ուղղություն։
Աջակցությունը չի կարող օգտագործվել անձնական կարիքների, ավտոմեքենայի ձեռքբերման, աշխատավարձերի վճարման, վարկերի մարման կամ հարկային պարտավորությունների կատարման համար։ Գումարն անմիջապես շահառուին չի տրամադրվելու։ Մասնակիցը պետք է ներկայացնի համապատասխան հաշիվ-ապրանքագիր կամ ծառայությունների մատուցման պայմանագիր, որից հետո ֆինանսական կազմակերպությունն ուղղակի վճարումը կկատարի ապրանք կամ ծառայություն տրամադրող կազմակերպությանը։
Նախատեսվում է, որ մինչև 400 քաղաքացի կմասնակցի ուսուցմանը, սակայն ֆինանսական աջակցություն կստանան առավելագույնը 200-ը։ Դասընթացն ավարտած և առնվազն 60 միավոր հավաքած քաղաքացիները կարող են դիմել ծրագրի գործընկեր բանկերին կամ ֆինանսական կազմակերպություններին, որոնք կգնահատեն ներկայացված գործարար ծրագրերը, դրանց իրագործելիությունը, այդ թվում՝ արդյոք շահառուն ի վիճակի կլինի ֆինանսավորում ստանալուց հետո առնվազն 12 ամիս շարունակել ձեռնարկատիրական գործունեությունը։
Ֆինանսական կազմակերպությունների գնահատականների հիման վրա կազմված ցուցակները կներկայացվեն նախարարությանը, որն էլ ըստ սահմանված առաջնահերթությունների կընտրի վերջնական շահառուներին։
Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ բանկերի հետ պայմանագրերի կնքման գործընթաց է ընթանում։ Համագործակցող ֆինանսական կազմակերպությունների ցանկը կհրապարակվի նախարարության պաշտոնական կայքում։
Ծրագրին աջակցության առավելագույն չափը 2 մլն դրամ է։ Եթե հաստատված գործարար ծրագրի իրականացման համար անհրաժեշտ գումարը պակաս է 2 մլն դրամից, կտրամադրվի այդ չափով աջակցություն։ Եթե գումարը գերազանցում է 2 մլն դրամը, պետության աջակցությունը չի կարող գերազանցել սահմանված առավելագույն չափը։
Բարսեղյանն ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում վարկին, այլ անհատույց ֆինանսական աջակցությանը։ Շահառուն կարող է ցանկության դեպքում լրացուցիչ վարկային միջոցներ ներգրավել՝ բանկի սահմանած պայմաններով։
Ծրագրով նախատեսված է, որ ֆինանսական միջոցները նպատակային հաշվին մուտքագրվելուց հետո 60 օրվա ընթացքում շահառուն պետք է ներկայացնի նախատեսված գնումների հաշիվ-ապրանքագրերը։ Գործարար ծրագրով նախատեսված ամբողջ ծախսերը պետք է իրականացվեն 120 օրվա ընթացքում։
Ծրագրի պահանջների կատարումը վերահսկվելու է ֆինանսական կազմակերպությունների կողմից։ Նախատեսվում են նաև տեղում այցելություններ ձեռք բերված սարքավորումների առկայությունը և ձեռնարկատիրական գործունեության իրականացումը ստուգելու նպատակով։ Շահառուները ֆինանսավորումից հետո ևս աջակցություն կստանան։ Նախատեսվում է խորհրդատվական աջակցություն ու մենթորություն՝ բիզնեսի շարունակականությունն ապահովելու համար։
Պայմաններից է նաև, որ շահառուն ֆինանսական աջակցությունը ստանալուց հետո առնվազն 12 ամիս պետք է զբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ։ Եթե մոնիթորինգի կամ ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ գումարն օգտագործվել է ոչ նպատակային, աջակցության վերադարձման հարց կարող է առաջանալ։
Դիմելու համար քաղաքացիները պետք է նախարարություն ներկայացնեն մասնակցության դիմում և անձը հաստատող փաստաթուղթ։ Բիզնես գաղափարի առկայությունը դիմելու նախապայման չէ։ Դիմումների ընդունման ավարտից հետո կիրականացվի մասնակիցների ընտրությունն ըստ առաջնահերթությունների։ Դասընթացների մեկնարկը նախատեսվում է 2027 թվականի հունվարին։
Բարսեղյանի խոսքով՝ ծրագիրն իրականացնելու համար նախատեսված է, որ դասընթացի ավարտին ստացած հավաստագրերը գործեն 12 ամիս։ Եթե ծրագրի հետագա արդյունքների գնահատմամբ որոշում կայացվի այն շարունակելու մասին, դասընթացն արդեն ավարտած, բայց ֆինանսավորում չստացած քաղաքացիները կարող են կրկին դիմել՝ առանց ուսուցման փուլը կրկնելու։