Արմեն Գրիգորյանի եվրոպական հոռետեսությունը․ ռիսկերի վերլուծությո՞ւն, թե՞ նոր քաղաքական ական

Արմեն Գրիգորյանի եվրոպական հոռետեսությունը․ ռիսկերի վերլուծությո՞ւն, թե՞ նոր քաղաքական ական

Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարի շուրջ քննարկումներում ուշագրավ միջամտությամբ հանդես է եկել Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նրա՝ «ԵՄ անդամակցության պատրանքը» վերնագրով ծավալուն հոդվածը պարզապես հերթական փորձագիտական դիտարկում չէ։ Այն առաջ է քաշում բավականին լուրջ քաղաքական թեզ՝ պնդելով, որ Եվրամիությանն անդամակցելու նպատակն իրատեսական չէ, իսկ այդ ուղղությամբ Հայաստանի յուրաքանչյուր նոր քայլ կարող է ոչ թե նվազեցնել, այլ խորացնել Ռուսաստանի նկատմամբ կախվածությունը։

Գրիգորյանի հիմնական փաստարկն այն է, որ Հայաստանի՝ դեպի Արևմուտք կատարվող քայլերին Ռուսաստանը պատասխանում է ճնշումների ուժեղացմամբ, ինչի հետևանքով Հայաստանը հայտնվում է Մոսկվայից ավելի մեծ կախվածության մեջ։ Որպես օրինակ նա բերում է 1990-ականների և 2013 թվականի իրադարձությունները՝ փորձելով ցույց տալ, որ եվրոպական մերձեցման փորձերը նախկինում էլ հանգեցրել են Ռուսաստանի ազդեցության ամրապնդմանը։

Սակայն այստեղ կա մի կարևոր խնդիր՝ Ռուսաստանի ճնշման հնարավորությունը չի կարող ինքնին դառնալ Հայաստանի քաղաքական ընտրությունների սահմանափակման հիմնավորում։ Հակառակ դեպքում ստացվում է, որ որքան ուժեղ է արտաքին ճնշումը, այնքան ավելի քիչ պետք է Հայաստանը օգտվի սեփական արտաքին քաղաքականությունն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Այս տրամաբանությունը փաստացի վտանգում է հենց այն ինքնիշխանությունը, որի ամրապնդումը պետք է լինի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը։

Առավել խնդրահարույց է Գրիգորյանի այն պնդումը, թե ԵՄ անդամակցության օրակարգը Հայաստանին ավելի է ուժեղացնում Ռուսաստանից կախվածությունը։ Նա իր հոդվածում որպես ապացույց բերում է Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական ներկայության որոշ դրսևորումներ և դրանք կապում ԵՄ անդամակցության մասին օրենքի ընդունման հետ։ Բայց արդյո՞ք այստեղ պատճառահետևանքային կապը բավարար չափով հիմնավորված է։ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում նոր երևույթ չէ, և դրա պահպանման կամ ընդլայնման պատճառները շատ ավելի խորն են, քան մեկ օրենքի ընդունումը։ Ավելին՝ Գրիգորյանն ինքն է թվարկում այնպիսի գործընթացներ, ինչպիսիք են ռուս սահմանապահների հեռացումը, ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը, եվրոպական աջակցության ծրագրերն ու արևմտյան գործընկերների հետ ռազմատեխնիկական գործակցությունը։ Այսինքն՝ նա փաստացի ընդունում է, որ Ռուսաստանի ազդեցության նվազեցման իրական քայլեր հնարավոր են եղել նաև առանց ԵՄ անդամակցության մասին օրենքի։

Հոդվածի մեկ այլ կարևոր հատված վերաբերում է այն մտքին, որ Հայաստանը պետք է խորացնի գործակցությունը Եվրոպայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ գործընկերների հետ, բայց չպետք է անդամակցությունը դարձնի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակ։ Սա, առաջին հայացքից, ինքնուրույնության և դիվերսիֆիկացիայի տրամաբանական մոտեցում է։ Սակայն այստեղ բաց է մնում ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ պետք է Հայաստանը նախապես հրաժարվի անդամակցության հեռանկարից, եթե այն դեռևս քաղաքական բանակցությունների և երկարաժամկետ գործընթացի առարկա է։  Գործակցությունն ու անդամակցության ձգտումը միմյանց բացառող գործընթացներ չեն։ Իսկ այն, որ անդամակցությունը երաշխավորված չէ, դեռ չի նշանակում, որ դրա հեռանկարը պատրանք է։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Գրիգորյանի պաշտոնական անցյալը։ Նա 2018–2026 թվականներին զբաղեցրել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը և անմիջականորեն մասնակցել երկրի անվտանգային ու արտաքին քաղաքական գործընթացներին։ Հետևաբար նրա գնահատականները բնականաբար ավելի մեծ քաղաքական կշիռ ունեն։ Բայց հենց այդ հանգամանքն էլ հարցեր է առաջացնում։  Եթե եվրոպական ինտեգրման ճանապարհն իսկապես այդքան վտանգավոր և անիրատեսական էր, ապա ինչո՞ւ այդ մտահոգությունները չէին վերածվում հանրային ու ինստիտուցիոնալ քննարկման ավելի վաղ, երբ նա դեռ զբաղեցնում էր առանցքային պաշտոն։

Ի վերջո, Հայաստանի խնդիրը ոչ թե Ռուսաստանի փոխարեն մեկ այլ արտաքին կենտրոնից կախվածության մեջ հայտնվելն է, այլ այնպիսի պետական համակարգ և արտաքին քաղաքականություն ձևավորելը, որտեղ որևէ երկիր չի կարող որոշել Հայաստանի փոխարեն։ Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ռիսկերը թվարկել, այլև առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ։ Ռուսաստանի հնարավոր հակազդեցությունը պետք է հաշվի առնել, բայց այն չպետք է վերածվի Հայաստանի ապագան որոշող վետոյի իրավունքի։

Մկրտիչ Իսրայելյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Leave a comment